Միանգամայն կանխատեսելի էր, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն հաղթանակ է տանելու: Դա կանխորոշված էր դեռ խորհրդարանական ընտրություններով, ինչպես նաև այն հանգամանքով, որ իշխանության վերարտադրության գործընթացում պարզապես չի կարող ռեսուրսի փոշիացման որևէ դրսևորում լինել:
Սակայն այն, ինչ ժամեր առաջ հրապարակեց ԿԸՀ-ն, ոչ միայն ՀՀԿ-ի անվերապահ հաղթանակ էր, այլև ընդդիմության կատարյալ կապիտուլյացիա. մենք գործ ունենք էպոտաժի, քաղաքականությունը՝ ցուցադրականության, բովանդակությունը՝ ձևի հետ շփոթող ընդդիմադիրների հետ: Ընդդիմությունը, մեծ իմաստով, ճակատամարտը տանուլ է տվել 2015-ի հանրաքվեի օրը, սակայն վերջնական պարտությունը կարծես թե ամրագրեց երեկ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345 226 ընտրող, որը կազմում է 40,99 տոկոսը: Սա այն բացառիկ դեպքերից է, որ լրիվությամբ կարող ենք համաձայնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն դիտարկմանը, որ ընդդիմադիր էլեկտորատը մնացել է տանը: Դրա համար էլեկտորատն ուներ իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Հանրության մի ստվար զանգված կամ կանխատեսելի է համարել ընտրությունների արդյունքները, կամ էլ պարզապես հիասթափված էր ընդդիմության քարոզարշավից: 2013 թվականին ՀՀԿ-ն ավագանու ընտրություններում հավաքել է 235.000 ձայն այս ընտրություններում 240.000 ձայն: Ի՞նչ է ստացվում. իշխող կուսակցությունը ստաբիլ պահպանել է իր ձայների քանակը, իսկ ընդդիմությունը չի կարողացել իր ընտրողներին տեղամաս հացնել:
Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմության խնդիրն այն էր, որ թույլ չտար իշխանությունների ու հասարակության «համերաշխությունը», իր բովանդակային դատարկությամբ չլեգիտիմացներ «անաղմուկը», ընտրակաշառքի «նիսյա» խոստումով չմեծացներ իշխանության «նաղդի» ցուցակը: Չմասնակցել համայնքային խնդիրների լուծմանը, չփորձել որևէ հարցում նեցուկ լինել ժողովրդին, քննադատել իշխանություններին' չառաջարկելով այլընտրանքային լուծումներ, հայհոյախոսությունը վերածել ինքնադրսևորման միջոցի, սեփական գոյության մասին էլ ժողովրդին հիշեցնել' ժամանակ առ ժամանակ Ազատության հրապարակ կանչելով. ահա, երկու տասնամյակ շարունակ այսպես է աշխատել հայրենի ընդդիմությունը, այսպիսին է եղել նրա պարզունակ, երկրին ոչինչ չտված, անպտուղ գործելաոճը: Երևանի ավագանու ընտրությունները արձանագրեցին հետևյալ իրողությունները՝ գործող նախագահը քաղաքական համակարգի կառավարման և վերահսկման վերահսկիչ փաթեթն ամբողջությամբ իր ձեռքում է պահում: Սերժ Սարգսյանը իր ներքաղաքական մրցակցիներից ակնհայտորեն ցույց տվեց, որ կարող է իշխանական տրանսֆորմացիոն գործընթացները կազմակերպել առանց նոր դեմքերի: Մյուս կողմից՝ ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանը վերահսկում է ընդդիմության ողջ էլեկտորալ պաշարը: ԵԼՔ-ը Երևանում ստացավ ճիշտ այնքան քվե, որ խորհրդարանի ընտրություններում: Սա խոսում է այն մասին, որ դաշինքը չունի զարգացման ռեսուրս, որովհետև երեկ իշխանություններին հաջողվեց նրան մեկուսացնել պոտենցիալ ընդդիմադիր էլեկտորատից: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ խոսեց համակարգին բնորոշ լեզվով՝ առաջարկելով քաղաքակիրթ ընտրակաշառք, թերևս մոռանալով, որ սույն երևույթի քաղաքակիրթ տարբերակը պարզապես գոյություն ունենալ չի կարող, դրանից բացի՝ Երևանի բյուջեն նպատակաուղղված, սահմանված բյուջե պետք է լինի, քաղաքի միջոցների տնօրինման հարցը մեկ անձի կամ խմբի ցանկությամբ չի կատարվում: Իսկ այսպիսի սնանկ ընդդիմության գոյությունը կայուն իշխանության հաղթանակի գրավական է դառնում։
Պակաս վակուումային իրավիճակում չէ նորաստեղծ «Երկիր Ծիրանի»-ն: Այսօր ասուլիսում այդ քաղաքական ուժի ղեկավար Զարուհի Փոստանջյանը չուզենալով, բայց կրկին ջախջախել է ԵԼՔ-ին ասելով, որ այդ կուսակցությունը ճանաչեց ընտրությունների արդյունքները, այսինքն՝ լեգիտիմացրեց ընտրությունները: Փոստանջյանի պես փորձառու քաղաքական գործիչը պետք է նաեւ հասկանա, որ ընդդիմությանը հարվածելն ու քննադատելը ձեռնտու է միայն իշխանություններին, որ ընդդիմության ջլատումից ու թուլացումից ուժեղանալու է հենց իշխանությունը եւ իր ղեկավարած կուսակցությունը դաշնակիցներին քննադատելուց առանձնապես մեծ բան չի շահելու, հատկապես, երբ քննադատության առիթը, այսպես կոչված, «հին մեռելներն» են, անցած-գնացած խորհրդարանական ընտրությունները։ Սա ևս մեկ անգամ արտացոլում է այն վակուումը, որի մեջ գտնվում է մեր՝ այսպես կոչված՝ ընդդիմադիր դաշտը: Եվ օր առաջ օրակարգի թիվ մեկ հարց է դառնում զրոյից, որակապես նոր ընդդիմադիր դաշտ ձևավորելու հրամայականը, քանի որ այսօրվա իրականության մեջ առկա ընդդիմադիր դաշտը գործում է միայն ու միայն համակարգի իներցիայի տրամաբանության շրջանակում:
Ստելլա Խաչատրյան