Մայիսի 20-ին պատգամավորներն ընտրել են Ազգային ժողովի 9 մշտական հանձնաժողովների նախագահներին:
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Թե ի՞նչ փոփոխությունների հասարակությունը սպասի այս հանձնարժողովի աշխատանքներում, ոլորտում առկա ո՞ր հարցերին ուշադրություն կդարձվի և ինչո՞վ կառանձնանա հանձնաժողովը, այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց հանձնաժողովի նորընտիր նախագահ Վարդան Բոստանջյանի հետ:
Պատգամավորի կարծիքով՝ ընդհանուր առմամբ հանձնաժողովը վատ չի աշխատել նախորդ գումարումների ժամանակ. «Ես որևէ դեպք չեմ հիշում, երբ որևէ մեկը դժգոհ լինի հանձնաժողովի աշխատանքներից: Կրթական համակարգ, մշակույթ, հրատարակչական գործ և այլն. այս ոլորտներում, մենք կցանկանայինք ավելի շատ բանի հասնել, սակայն չենք կարողացել՝ պայմանավորված ֆինանսական ռեսուրսների սահմանափակությամբ: Կրթական ոլորտը որոշ առումով վտանգված է՝ կապված աշակերտների քանակով, աշխատակազմով, այս բոլորի առումով հնաձնաժողովի գերակա խնդիրը պետք է լինի գտնել այնպիսի մոտեցումներ ու իրավական կարգավորներ, որի պարագայում, վտանգներ չպատճառենք մեր կրթական համակարգին, պատանիներին»:
Նրա խոսքով` մենք ունենք խնդիր և դրա վկայությունը կառավարության կողմից դպրոցների օպտիմալացումն է. «Ծայրամասային շրջանների դպրոցներում կա սահմանափակ` մինչև 12 աշակերտ, իսկ ուսուցիչների քանակը չի գերազանցում 16-ը: Սա ողբերգական վիճակ է, այնպես պետք է անել, որ կրթական համակարգը չդոփի տեղում: Ոչ մեծ աշխատավարձեր ստացող մանկավարժական կազմը չպետք է կորցնենք, որպեսզի չհամալրեն գործազուրկների բանակը», - ասաց նա` ավելացնելով, որ այս առումով հանձնաժողովն անելիքներ ունի և շարունակելու է սկսած գործը:
Ըստ Բոստանջյանի` մեր բարձրագույն ուսումնական համակարգը վատը չէ, բայց միևնույն ժամանակ հասկանալի է, որ չափորոշիչների կտրվածքով դեռևս առաջավոր դիրքեր չենք գրավում. «Այս պարագայում մենք պետք է խթան հանդիսանանք, որպեսզի կրթական համակարգը ավելի լավը դառնա, իսկ այդ գործառույթը պետք է իրականացնեն խորհրդարանականները:
Բոստանջյանը եզրափակելով խոսքը` նշեց, որ առկա կարևորագույն խնդիրներից մեկն էլ ավագ դպրոցի խնդիրն է, որի հետ կապված խոչընդոտներ կան իսկ որոշ ժամանակ առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից բարձրացրած կրթական ոլորտի հետ կապված խնդիրները վերաբերում էր հենց դրան:
Նշենք, որ Վարդան Բոստանջյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 85, դեմ՝ 7 պատգամավոր: 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Հ.Գ. Թե ինչ կարող է անել այս հանձնաժողովում տնտեսագետ պատգամավորը, դժվար է պատկերացնել: Բայց այն, որ թե՛ կրթությանը, թե՛ մշակույթին, թե՛ երիտասարդության հետ կապված հարցերին պետք է ամենայն լրջությամբ մոտենալ, անկասկած է:
Թերևս մեր երկրի կարևորագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ ոլորտների համակարգումը վստահվում է ոչ նեղ մասնագետների, հետևաբար նրանք էլ անում են ընդամենը այն, ինչ կարողանում են, և մինչև բուն անելիքը հասկանալը` պաշտոնավարման ժամկետը սպառվում է: