Այն, որ Հայաստանի պետական մարմինները երբեք էլ առանձնապես չեն փայլել իրենց մաքրությամբ, իսկ պետական միջոցների հաշվին պարարտանալն էլ մեր երկրում չինովնիների համար պարտադիր արարողակարգային սովորույթի է վերածվել, գիտենք անխտիր բոլորս. հասարակության համար դա բնավ էլ նորություն չէ: Վերահսկիչ պալատն, ինչպես հայտնի է, հրապարակել է 2016-ի հաշվետվությունն, ուր տեղ են գտել նաև Կրթության և գիտության նախարարությունում արձանագրված մի շարք չարաշահումների մասին տվյալներ:
Ինչպես պարզ է դառնում, այս համակարգում բավական լուրջ փողեր են փոշիացվում հատկապես այս կամ այն ծրագրի իրականցման քողի տակ: Ճիշտ է՝ միգուցե երջանիկ կլինեինք, եթե համակարգում խախտումներն ու թալանը սահամանափակվեին միայն այս կամ այն ծրագրի սահմաններում, սակայն այն, որ զանազան ծրագրերի իրականացման քողի տակ ևս քիչ փողեր չեն փոշիացվել, արդեն իսկ բավական խոսուն ու միգուցե նաև գույներն օբյեկտիվորեն խտացնող հանգամանք պետք է համարել:
Այսպես՝ պարզվում է՝ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում բավական լուրջ փողեր են ատկատի ենթարկվել: «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրի կատարման նպատակով տրամադրվող պետական աջակցության պայմանագրերը կազմվել են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված պայմանագրի օրինակելի ձևի համեմատ մի շարք բացթողումներով:
Ի թիվս այլ խախտումների՝ պարզվել է նաև, որ ՄԿՈՒ ծրագրի 2015-2016 թվականների բյուջետային հայտի և հաստատված նախահաշվի միջև առկա են եղել անհամապատասխանություններ. բյուջետային հայտով առանձին ծախսային հոդվածներով նախատեսվել են անհրաժեշտ ծախսերից ավելի միջոցներ. ծախսերը նախատեսվել են առանց հիմնավորման և հաշվարկների: Այն դեպքում, երբ «Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային կենտրոն» հիմնարկն իրեն ամրացված շենք, շինություններ, տրանսպորտային միջոց չունի, որևէ ծառայության բաժանորդ չի հանդիսանում, գործում է «Կրթության ազգային ինստիտուտին» պատկանող շենքում և հանդիսանում է ՓԲԸ-ի կառուցվածքային ստորաբաժանում, բյուջետային հայտով նախատեսվել է էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի ծառայության, տրանսպորտի պահպանման, կոմունալ և այլ ծախսեր (2015 թվականին նախատեսվել է մոտ 9 մլն դրամ, 2016 թվականին` մոտ 9,5 մլն դրամ): Հաշվետվությամբ ցույց տրված փաստացի ծախսը չի համապատասխանում իրականությանը: 2015 թվականի հաշվետվությամբ ֆինանսավորումը և փաստացի ծախսը ցույց է տրվել մոտ 163 մլն դրամ, այն դեպքում, երբ փաստացի ծախսը կազմել է 129 մլն դրամին մոտ գումար: 2016 թվականի ՄԿՈՒ ծրագրով 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կիսամյակի հաշվետվությամբ ֆինանսավորումը ցույց է տրվել մոտ 70 մլն դրամ, փաստացի ծախսը` մոտ 43 մլն դրամ, այն դեպքում, երբ փաստացի ծախսը կազմել է մոտ 30,7 մլն դրամ. մոտ 12 մլն դրամով փաստացի ծախսն ավելի է ցույց տրվել:
Իհարկե, միգուցե ոմանք այս փոշիացած միլիոնները կարող են համարել չարյաց փոքրագույնն ու հակված չեն լինի առանձնապես մեծ ողբերգություն սարքել այս ամենից, սակայն այստեղ բնավ էլ փողի չափն ու քանակը չէ, որ մտահգվելու լուրջ տեղիք է տալիս. համակարգում արմատացած բարքերն են շատ մեծ հարցականներ առաջ բերում, բնութագրում այն փիլիսոփայության առանձնահատկությունները, որ բնորոշ է մեր երկրի կառավարման ողջ համակարգին: Ցավոք, ՎՊ բացահայտումները լիարժեք պատկերացում չեն կարող տալ ԿԳ ոլորտում տեղի ունեցող ոչ ցանկալի երևույթների իրական ծավալների, ատկատների և այլ բացասական երևույթների իրական մասշտաբների մասին, ինչը, բնականաբար, պայմանավորված է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ հանգամանքներով, սակայն եղածն էլ բավարար է՝ համոզվելու համար, որ կոռուպցիան կա ու միշտ կլինի. սա Հայաստանն է…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ