«Զարուհի Փոստանջյանի և նրա կուսակցության իրավունքն է ավագանու  նիստերն անել դրսում, իսկ մենք շարունակելու ենք նիստերը գումարել՝ ըստ կանոնակարգի: Թեև Երևանի կառավարման մեջ իրենց մոտեցումները հայտնելու համար առավել արդյունավետ կլինի, եթե նիստերին այդ կուսակցությունը մասնակցի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանն՝ անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի և նրա ղեկավարած կուսակցության՝ ավագանու նիստերը դրսում անելու պատրաստակամությանը: 

Դիտարկմանը՝ Զարուհի Փոստանջյանը հետևելու է, որ քաղաքապետի երդմնակալության արարողությանը քաղաքի բյուջեից մեկ լումա անգամ չծախսվի, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Թող հետևի»:

Իսկ հարցին՝ ինչպես է քաղաքապետը  հարստացել, Տարոն Մարգարյանը պատասխանեց, «Ես արդեն մի քանի անգամ ասել եմ՝ հետևե՛ք իմ հայտարարագրին»,-կտրուկ պատասխանեց քաղաքապետն՝ արագ անցում կատարելով այլ թեմաների:

Քաղաքապետն անդրադարձավ նաև քաղաքապետարանի Կրթության վարչության պետ՝ Աննա Ստեփանյանի շուրջ բարձրացած աղմուկին և նշեց, որ նա լավագույն դպրոցներից մեկի լավագույն տնօրենն է եղել, և իրենք ցանկացել են, որ կրթության վարչությունը ղեկավարի դպրոցի տնօրեն:

Հունիսի 7-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը, ով 2008-ից մինչև 2017-ի հունիսի 7-ը՝ Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենն էր: