Իշխանական մամուլում տեղեկություններ են հայտնվել ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հնարավոր հրաժարականի մասին: Ըստ այդմ՝ Կարայանի հրաժարականի առիթ կարող է դառնալ Հայաստանում Կարապետյանի կողմից խոստացված ներդրումների փաստացի բացակայությունը: Թե որքանով են համապատասխանում սույն տեղեկություններն իրականությանը կամ թե կոնկրետ երբ կարելի կլինի ակնկալել Կարապետյանի կադրերից մեկը համարվող Սուրեն Կարայանի հրաժարականը, իհարկե, մի փոքր բարդ է ասելը, բայց այն, որ նմանատիպ շշուկները տարածվում են հենց իշխանամերձ աղբյուրները, ոչ մի կերպ պատահական չես համարի. անկասկած է, որ այս ամենն ուղղակիորեն կապ ունի վարչապետ Կարապետյանի հետ նույնպես ու, եթե կուզեք, նույնիսկ ուղղակիորեն առնչվում է նրա քաղաքական ճակատագրի հետ:
Բանն այն է, որ Կարայանի հնարավոր կրճատումը ուղղակի հարված է լինելու Կարապետյանին, իսկ եթե հաշվի առնենք դրա հնարավոր շղթայական ազդեցությունն, ապա կարող ենք ասել, որ գործընթացը կարող է նույնիսկ վճռորոշ դառնալ վարչապետի համար, քանի որ եթե ամեն բան Կարայանով չսահմանափակվի ու հրաժարականների շարանը համապատասխան շարունակություն ունենա՝ միևնույն տրամաբանության շրջանակներում, ապա Կարապետյանը հետզհետե ու այն էլ կարճ ժամանակահատվածում կզրկվի Կառավարության ներսում իր ունեցած հենարանից՝ տնտեսական բլոկը ներկայացնող այն մարդկանցից, որոնց առկայությունը Կառավարությունում կշիռ է հաղորդում վարչապետին: Ասել կուզի՝ Կարապետյանը կկանգնի Կառավարության վրա սեփական վերահսկողությունը կորցնելու անխուսափելի վտանգի առջև՝ վերածվելով ձևական ֆիգուրի: Ու կստացվի, որ չունենալով ոչ մի հենարան ԱԺ-ում, միևնույն ժամանակ զրկված լինելով Կառավարությունում ունեցած լծակներից՝ Կարապետյանին այլ բան չի մնալու, քան լավագույն դեպքում վերածվելու շարքային կատարածուի՝ կարգավիճակ, որը Կարապետյանը դժվար թե հանդուրժի:
Մի կողմից էլ, սակայն, նրանք, ովքեր ձգտում են Կարապետյանի դիրքերի թուլացմանը, միանգամայն օբյեկտիվ պատճառներ ունեն՝ կոշտ տոնով խոսելու վարչապետի թիմի հետ: Գրեթե մեկ տարի է, ինչ ներկա կառավարությունը գործում է, սակայն ոչ մի էական տեղաշարժ, բարեփոխում կամ երկրում տնտեսական իրավիճակի փոփոխություն տեղի չի ունենում: Կներե՛ք, բայց միջազգային ֆինանսական կառույցներից պարտք վերցնել կարող է նույնիսկ «ժեկի պետը», ու, ինչպես հասկանում ենք, դրա համար առանձնակի մտավոր կամ կազմակերպչական կարողություններ ունենալ բնավ էլ անհրաժեշտ չէ: Հետևաբար՝ զուտ օբյեկտիվորեն Կարապետյանի կառավարությունն այնքան էլ անխոցելի չէ ու այնպես չէ, որ վերջինիս թիմակիցների վրա «շառ են անում»: Հատկացված էր կոնկրետ ժամանակ, տրված էր հնարավորություն՝ արդյունք ցույց տալու, որից փաստացի ոչ ոք չի օգտվել:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ