Այսօրվանից ՀՀ Զինված ուժերում մեկնարկում է ամառային զորակոչը: Ինչպես օրերս տեղեկացրել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` այս զորակոչի ընթացքում ևս կլինի նորամուծություն: Այսուհետ նորակոչիկները հավաքակայանում կստանան ոչ միայն համազգեստ, այլև կանցնեն բանակային սննդի: Նրանց կտրվեն նաև հավաքակայանից զորամասեր մեկնելու ճանապարհի համար նախատեսված սննդային փաթեթներ:

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:

Ինչպես նաև 2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում (հասցեն` Մոսկովյան 5):

Զորակոչի հետ կապված հարցերի կամ խնդիրների դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել Հասարակական խորհուրդ` 010-52-34-82, կամ ՀՀ ՊՆ թեժ գիծ` 1-28 հեռախոսահամարներով: