Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է 2018 թ. «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հնարավորությանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե 2018 թ. ՀՀԿ-ն հնարավոր է կոալիցիոն հուշագիր ստորագրի «Ծառուկյան» դաշինքի հետ, Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: «2018 թվականի ապագա կոալիցիայի, կառավարության վերաբերյալ որևէ քննարկում ՀՀԿ-ում չի ծավալվել: Մեկ անգամ չէ, որ այդ մասին ասվել է: Հանրապետականն այս պահին իրականացնում է նախագահ Սարգսյանի մայիսի 18-ի ծրագրային ելույթի դրույթները, որի վրա է հենվում կառավարությունը»,- ասաց Շարմազանովը:
Հարցին, թե կա՞ ցանկություն ՀՅԴ-ն փոխարինել «Ծառուկյան» դաշինքով, Շարմազանովն ասաց, թե ՀՅԴ-ն իր կայուն տեղն ունի կոալիցիայում: Իսկ թե 2018 թվականին կոալիցիան ինչ տեսք կունենա, կքննարկեն հաջորդ տարվա ապրիլին:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե իրենք պատերազմ են հայտարարում անարդարությանը, և պատասխանելով այն հարցին, թե մեկնարկը տրվա՞ծ է, ԱԺ փոխնախագահը կարծիք հայտնեց, թե լրագրողները հնարավորություն կունենան լուսաբանել և տեսնել, որ մեկնարկը տրված է:
Հարցին, թե ովքե՞ր են երկրում անարդարություն սերմանողները, Շարմազանովն ասաց, թե անարդարությունը անուն- ազգանուն չէ, այն երևույթ է, որի դեմ պետք է պայքարել՝ անկախ կուսակցական պատկանելիությունից և զբաղեցրած պաշտոնական դիրքից: «Յուրաքանչյուրս պետք է սկսենք մեզանից»,- եզրափակեց Ազգային ժողովի փոխնախագահը: