Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 11-ին տեղի է ունեցել բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հերթական դատական նիստը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Նիստի ժամանակ դատավոր Ալովսաթ Աբբասովը հայտնել է, որ դատարանը ստացել է նամակ փորձաքննության կենտրոնից: «Նամակում ասվում է, որ քանի որ կենտրոնի աշխատակից Ալմազ Բայրամովը ներկայում արձակուրդի մեջ է, նա չի կարող ներկա գտնվել դատին: Նրա մասնակցությունը հնարավոր է միայն վաղը»,- ասել է դատավորը:

Այս փաստի առնչությամբ դատական նիստը հետաձգվել է մինչև հուլիսի 12-ը:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5-8 տարվա ազատազրկում:

Լապշինի կինը՝ Եկատերինան, պարբերաբար իր մտահոգություններն է հայտնում ամուսնու առողջական վիճակի մասին՝ ընդգծելով, որ ադրբեջանական լրատվամիջոցները սխալ տեղեկատվություն են տարածում՝ ասելով, թե նա իրեն նորմալ է զգում: Եկատերինան հայտնել է, որ բանտարկվելուց հետո Լապշինի մոտ սկսվել է տախիկարդիա և նյարդացավ: Բացի այդ, նա ցավեր ունի գոտկատեղի հատվածում և ոտքում, ինչի հետևանքով դժվարությամբ է տեղաշարժվում: Եկատերինան ահազանգել է, որ նման առողջական վիճակ ունեցող մարդուն պետք է լուրջ բուժզննման ուղարկել հիվանդանոց, այլ ոչ թե բուժել մեկուսարանի բուժկետում: