Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը ողջունում է նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի կողմից Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Այդ մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահն ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Ես ուրախ եմ, որ դիմել են իրավական ճանապարհին, իսկ հնարավորությունների մասին հարցին կպատասխանի ՍԴ որոշումը: Ես ծանոթ չեմ իրենց ներկայացրած դիմումին եւ այդ տեսանկյունից ճիշտ չեմ համարում որեւէ գնահատական տալը»,- նշեց Հարությունյանը եւ հավելեց. «Միանշանակ ողջունում եմ իրավական ճանապարհով գնալու փաստը»:
Դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը պահանջում են չեղյալ հայտարարել ընտրությունները, որոնք կեղծված են գնահատել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Մեր դիրքորոշումն այն է, որ ընտրություններն անցել են պատշաճ, ինչ վերաբերում է փաստարկներին, չեմ կարող պատասխանել փաստակների, որոնք չեն հնչել: Երբ ես կունենամ իմ ձեռքի տակ թվեր կամ փաստեր, այդ ժամանակ կանդրադառնամ»:
Նշենք, որ Հայաստանի նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը 2013թ. մարտի 4-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան' ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի եւ 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը:
ՍԴ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 19-րդ հոդվածի հիման վրա դիմումի նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան դիմումի գրանցումից 24 ժամ հետո: Այնուհետեւ սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի եւ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 20-րդ հոդվածի հիման վրա աշխատակարգային նիստում քննության կառնի գործը քննության ընդունելու հարցը: