Շատերը վաղուց նկատած կլինեն, որ Մշակույթի նախարարությունում բարեհունչ անվանումներ ունեցող ծրագրերի պակաս գրեթե երբեք չի եղել. «խոստումնալից» խորագրեր` որքան ասես: Կյանքը, սակայն, ցույց է տալիս, որ այդ հնչեղ անվանումները որևիցե ընդհանուր բան չեն ունենում իրական կյանքի հետ, ու մշակույթը ոչ միայն առաջ չի գնում, ոչ միայն շարունակ դոփում է տեղում, այլև դեռ մի բան էլ հետընթաց է ապրել` հետընթաց, որը, ասենք, նույն Արմեն Ամիրյանը խուսափում է խոստովանել:
Պարզվում է` Ամիրյանը Հայաստանից շարունակ տեղի ունեցող արտագաղթի կանխարգելման մի նոր «մեխանիզմ» է մշակել: Համենայն դեպս, եթե հավատալու լինենք նրա վերջին հարցազրույցներից մեկում հնչած մտքերին, հենց «Արար» ազգային մշակույթի պահպանման, տարածման, զարգացման, հանրահռչակման ծրագրի շնորհիվ է, որ շուտով մարզերից բնակչության անվերահսկելի ու վաղուց երկրի համար իսկական պատուհասի վերածված արտահոսքը կանխարգելվելու է: Ճիշտ է` Ամիրյանը հասցրել է տրտնջալ, թե իրենց այդ ծրագրին մարդիկ չեն շտապում արձագանքել, սակայն հույս ու վստահություն է հայտնել, որ իրենց, այնուամենայնիվ, կհաջողվի սայլը տեղից շարժել:
Իսկ ծրագրի էությունը կայանում է հետևյալում. Մշակույթի նախարարությունը դրա շրջանակներում փորձում է հայտնաբերել ու իբր ռեալիզացնել մարզաբնակ շնորհալի քաղաքացիներին. Ամիրյանը հավաստիացրել է, թե ծրագիրը կենտրոնանում է հիմնական մի քանի ոլորտների վրա՝ ազգագրական երգ ու պար, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, գորգագործություն, կարպետագործություն, ժանյակագործություն, ասեղնագործություն և այլն:
Հիմա հարց է առաջանում` ո՞րն է տարբերությունն, ասենք, որոշ հեռուստաընկերությունների կողմից կազմակերպվող երիտասարդ ձայներ հայտնաբերող շոուների ու Ամիրյանի այս ծրագրի միջև... Ճիշտ է` հանուն արդարության պետք է նկատել, որ նախարարը շտապել է նյութական խոստումներ տալ մարզաբնակ տաղանդներին, սակայն միայն այն, որ նույնիսկ փողի մասին խոստումներն էլ չեն ստիպել մարզային բնակչությանը համապատասխան կերպով արձագանքել, խոսում է այն մասին, որ խնդիրն իրականում շատ ավելի խորքային է, իսկ արտագաղթի արմատներն էլ` անչափ խորը. մարդիկ այլևս ոչ ոքի չեն հավատում, ու նույնիսկ եթե խոստումներ հնչեցնողն ինքը` նախարարն էլ է, ապա դա խոշոր հաշվով ոչինչ չի փոխում: Խնդիրն, իհարկե, ոչ միայն Ամիրյանի նկատմամբ անձնական վստահություն տածել-չտածելն է, այլ այն, որ շատերն իրենց տաղանդները ցանկանում են ներդնել ոչ թե հայրենիքում, այլ` օտար ափերում, քանի որ վաղվա օրվա հանդեպ չունեն վստահություն, չունեն երաշխիք, որ ի վերջո իրենց չեն «քցի»…
Սակայն այս ամենում մեկ այլ, ավելի հետաքրքրական հարց էլ կա` Ամիրյանի ձգտումը` խնդրին հաղորդելու լայն մասշտաբներ, կապելու այն ազգիս հուզող թիվ մեկ խնդրի` դեմագրաֆիական պրոբլեմի հետ: Նպատակն, իհարկե, պարզից էլ պարզ է` սովորական PR-ը, որին էլ հենց միտված է համապատասխանների ողջ ճիգն ու ջանքը. կարևորը «ռեկլամվելն» է, մնացածը` հետո:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ