ԼՈւՐԵՐ.com ահազանգած քաղաքացին տեղեկացրեց, որ Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող «Ավազար» ուղևորափոխադրող ընկերությունը 52 ուղևորի և երկու վարորդի անելանելի վիճակում է թողել:

«Ընկերության տնօրինությունը ուղևորներիս բեռը խցկել է առանձին տեղ, իսկ բեռնախցիկում բարձել ալկոհոլային խմիչքներ, բաստուրմա, ծխախոտ, մի խոսքով՝ չարտոնագրված ապրանքներ:  

Կաբարդինո Բալկարիա- Օսեթիա անցակետում ավտոբուսը մտցրել են ռենտգեն, ապրանքն արձանագրել են որպես կանտրաբանդա, բեռնախցիկը պլոմբել են: Այս պահին գտնվում ենք Նարդկալա քաղաքում: Ավտոբուսը բերել, կանգնեցրել են ոստիկանության առաջ: Մեզանից պահանջում են ազատել ավտոբուսը, որպեսզի այն տանեն տուգանային հրապարակ: Ավտոբուսի մեջ կա 90 տարեկան տատիկ, քիչ առաջ շտապօգնության մեքենան եկավ, քանի որ ինքնազգացողութոյունն էր վատացել: Ավտոբուսի մեջ կան հղիներ, կանայք, փոքր երեխաներ:  Բոլորիս սնունդը վերջացել է, հայտնվել ենք անելանելի վիճակում»,- մեզ հետ զրույցում ասաց ուղևորներից՝ Արթուրը:

Նրա խոսքով՝ երեկ ժամը 17:00-ից՝ այս վիճակում են. «Կազմակերպության հետ երեկ ենք կապ հաստատել. ասացին՝ հարցը կլուծեն, բայց մինչև հիմա ոչ մի բան չի փոխվել: Գիշերվա չորսից հեռախոսներն անջատված են, չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին»:

Ուղևորներն ընկերությունից պահանջում են կամ մեքենա ուղարկել, որպեսզի կարողանան շարունակել ճանապարհը, կամ հետ վերադարձնել իրենց գումարները՝ այլ ավտոբուսով տեղափոխվելու համար:

«Մեր հարազատները գնում են ընկերություն, տնօրենը նստելով մեքենան՝ ասում է՝ «ամեն ուղևորի հետ ես հեռախոսով չեմ խոսում», ու գնում: Արհամարհական վերաբերմունք են դրսևորում մեր հանդեպ: Ասում են՝ ավտոբուս է գալու մեզ մոտ, բայց քանի որ երեկվանից խաբում են մեզ ու հիմա էլ չեն պատասխանում հեռախոսազանգերին, չգիտենք՝ ճի՞շտ է այդ ինֆորմացիան, թե՝ ոչ»,- իր մտահոգությունն հայտնեց «Ավազար» ընկերության ուղևորը:

 

Սոնա Հարությունյան