«168 ժամ» թերթը գրում է.

«Ժնեւյան հանդիպման ընթացքում նախագահներն ընդհանուր հարցեր են քննարկել, որոնք միշտ են քննարկում Ղարաբաղյան կարգավորման շրջանակում: Սենսացիաներ տեղի չունեցան, ծրագրում` եւս, համատեղ քննարկման կետեր եւս չկային: Սենսացիա կարող էր լինել այդ հանդիպումից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարվելը: Բայց հանդիպման կազմակերպման ընթացքում ԶԼՄ-ներում որոշակի լարվածությունից հետո սենսացիաներ տեղի չունեցան: Ներկայումս արդեն սենսացիա կարող է լինել հետագա, իր կարծիքով՝ անմիտ բանակցություններից Ադրբեջանի նախագահի հրաժարումը»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է անվտանգության եւ քաղաքական հարցերի վերլուծաբան, ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպման ընթացքում քննարկված հարցերին:

Ռուս վերլուծաբանի գնահատմամբ՝ անցյալ տարի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների արդյունքները դուրս են մնում տեսադաշտից մեկ պարզ պատճառով` այդ որոշումներից ոչինչ չի իրականացվել: Ավելին, նրա խոսքով՝ վերահսկողները եւ դիտորդները ջանում են չնկատել Ղարաբաղում ստատուս-քվոյի փաստացի փոփոխությունը, քանի որ տարածքի մի շերտ 2016թ. ապրիլից հետո ադրբեջանական բանակի վերահսկողության տակ է անցել: Թեեւ, ըստ Տրոֆիմչուկի՝ ինքը` Հայաստանի նախագահը, եւս կարող էր պահանջել դիտորդներից նրանց հստակ կարծիքն այս հարցի վերաբերյալ:

Քաղաքագետի համոզմամբ՝ այն, ինչ Ադրբեջանն է այս բանակցություններից ակնկալում, նման արդյունքներ չեն լինելու. «Հողեր ոչ մեկը ոչ մեկի չի փոխանցելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում