Րաֆֆի Հովհաննիսյանը թիմի, քաղաքական ուժերի աջակցության խնդիր ունի: Այս մասին այսօր' մարտի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
«Հիմա գրեմ երկու անգամ երկու հավասար է չորս եւ ասեմ միացեք ինձ, չեն միանա: Հրավերն ուրիշ ձեւ է լինում: Րաֆֆի Հովհաննիսյանը մենակ չի մնա»,- ասաց Արամ Հարությունյանը: Ըստ նրա' շատ կարեւոր է, որ այդ հանդիպումները լինեն բաց:
«Հիմա ամեն ինչ գաղտնալսվում է: Րաֆֆին նյարդայնացել էր չէ՞, որ Սերժ Սարգսյանի հետ խոսակցությունը գաղտնալսվել էր: Պարզ չէ՞, որ Ծառուկյանի հետ ունեցած հանդիպումն էլ է գաղտնալսվել: Դրա համար շատ կարեւոր է, որ հանդիպումները լինեն բաց»,- ասաց Արամ Հարությունյանն ու շարունակեց. «Ժողովրդի մոտ կանգնում ասում ենhttp://news.am/arm/news/143431.html սա էս ասաց, նա' էն, ժողովրդի մոտ կռվում են: Ժողովուրդն էլ ասում է. «Տո ձեր հերն էլ անիծած» ու գնում է տուն»: Հարցին, թե իրենց կուսակցությունը կմասնակցի՞ Երեւանի ավագանու ընտրություններին, նա պատասխանեց, որ կուսակցությունում վերագրանցում է իրականացվում: Նա նշեց, որ իրենց կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին առանձին չի մասնակցի, բայց ընդդիմադիրների միասնական մասնակցության դեպքում կմասնակցեն:
«Լեւոն Տեր-Պետրոսյանի սխալներից մեկն էլ նա էր, որ մասնակցեց Երեւանի քաղաքապետի ընտրություններին եւ պարտվեց Գագիկ Բեգլարյանին: Իրականում Բեգլարյանին վատություն արեց, քանի որ հասկացան, որ Սերժ Սարգսյանը պարտվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ Գագիկ Բեգլարյանը' հաղթեց: Դրա համար նրան հանեցին այդ պաշտոնից: Ճիշտ է, հետո բերեցին, բայց հիմա այն Գագիկ Բեգլարյանը չէ»,- ասաց Արամ Հարությունյանը:
Նա ասաց, որ երբեք մտքով չէր անցի, որ ինքն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող են մի հարթակում լինել, բայց այսօր գործընթացները տանում են դրան: Նրա խոսքով' ԲՀԿ-ին չէր ցանկանա տեսնել իշխանության հետ կոալիցիայում:
«Ինչպես ասում էր Գագիկ Ծառուկյանը, ամեն ինչ կարող է լինել, բայց ժողովրդի վստահությունը չի կորցնի: Կարծում եմ նա չի կորցնի ժողովրդի վստահությունը»,- ավելացրեց Արամ Հարությունյանը:
Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am