Ինչպես գրում է rusarminfo.ru-ն, Իսրայելի նախագահի նստավայրում նախօրեին կայացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի և նրա քրոջ՝ Աիդա Ազնավուրի պարգևատրման արարողությունը:
Նշենք, որ Վոլլենբերգի անվան միջազգային կազմակերպության որոշմամբ՝ Շառլ և Աիդա Ազնավուրները պարգևատրվել են շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով՝ իրենց մարդասիրական գործունեության համար:
Ազնավուրն իր պարգևը ստացել է Իսրայելի նախագահ Ռոուվեն Ռիվլինից, ով ասել է, որ շատ է սիրում Ազնավուրի երաժշտությունը, իսկ «Լա Բոհեմ»-ն իր ամենասիրելի երգն է:
Հայտնի ֆրանսահայ շանսոնյեն իր երախտագիտությունն է հայտնել Վալենբերգի անվան հիմնադրամին և Իսրայելի նախագահին՝ վերջինիս հարց ուղղելով. «Ես ոչ գաղտնի հարց եմ Ձեզ ուղղում և չեմ սպասում պատասխանի, այնուամենայնիվ, կարևոր է այն բարձրացնել: Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքներդ եք տառապել նացիստական ռեժիմից»,-հարցրել է Ազնավուրը:
Ի պատասխան՝ Ռիվլինն ասել է, որ դա քաղաքական հարց է և պատգամավոր եղած տարիներին այդ հարցը բարձրաձայնել է, իսկ 2015 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից բավական հստակ խոսել է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: