Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վստահեցնում է, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագիծը չի կարող խաթարել ընտանեկան արժեքները։

 


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ընտանեկան բռնության դեպքերը աճի միտում ունեն, բայց այս օրինագիծը, բնականաբար, որևէ կերպ չի կարող խաթարել ընտանեկան արժեքները, և այդ արժեքների խթանումը մեր առաջնահերթ խնդիրն է։ Մենք միշտ հայտարարել ենք, որ երեխայի համար ավելի լավ վայր, որպեսզի նա երջանիկ ապրի, քան ընտանիքն է, դժվար է գտնել։ Այս ամենի հետ մեկտեղ անիմաստ է խոսել ամուր ընտանիքի մասին, եթե այդ դեպքերը կանխարգելելու արդյունավետ միջոցներ չունենք»,- նշեց Թաթոյանը։ Վիճակագրական տվյալները ներկայացնելով՝ նա նշեց, որ ընտանիքում բռնության 17 տոկոսը մահվան դեպքերով են։

 


ՄԻՊ-ի խոսքով՝ իրենք աշխատում են և՛ այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք քննադատական կարծիքներ են հնչեցրել, և՛ այն ՀԿ-ների հետ, որոնք կողմ էին, և՛ Առաքելական եկեղեցու, և՛, իհարկե, Արդարադատության նախարարության հետ։
«Մենք նոր օրինագծի մասով պատրաստվում ենք նոր առաջարկներ անել՝ փորձելով հասկանալ, թե որքանով են մեր նախորդ առաջարկները տեղ գտել և որքանով են դրանք արտահայտում հասարակության խմբերի մտահոգությունները»,- նշեց Թաթոյանը։
Նրա կարծիքով՝ այս օրինագիծը Հայաստանի Հանրապետությանը պետք է, և օրենսդրական լծակներ պետական մարմիններին անհրաժեշտ են։

 


ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ 2017 թվականի առաջին կեսին Հայաստանում հետաքննվել է 215 քրեական գործ։ Քրեական գործերի գրեթե մեկ երրորդը կապված է տղամարդկանց կողմից իրենց զուգընկերուհիների նկատմամբ գործադրված բռնության հետ։