2018 թ. բյուջեի քննարկումներն ավարտվեցին: Բյուջեն ընդունվեց։ Նախագծին կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ` 35-ը: Նախագծին դեմ էին «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները: Ի դեպ, գալիք տարվա բյուջեի նախագիծն իր կողմերի քանակով զիջեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմուկ հանած նախագծին: Ցավոք, բյուջեի քննարկումներն ընթացան այնպես, ինչպես և սպասվում էր։ Դժվար չէր ենթադրել, որ կարևոր, խորքային հարցեր բյուջետային քննարկումների ժամանակ շատ քիչ կհնչեն։ Հիմնականում կլինեն սիրողական, առանձին հոդվածներով ծախսերի վերաբերյալ հարցեր, որոնց տակից կառավարությունն առանց դժվարության դուրս կգա։
Շատ սուբյեկտիվ մի նկատառում անենք, որը ոմանց կարող է դուր չգալ։ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը բյուջետային քննարկումներին պատրաստվում և մասնակցում են «տնավարի»։ Ավելին՝ շատ քիչ հավանական է, որ լրջորեն պատրաստվում են։ Պատրաստվել ասելով՝ նկատի ունենք, որ կուսակցությունը մոբիլիզացնում է իր մտավոր ներուժը, իրեն անդամակցող տնտեսագետների, ֆինանսիստների և այլ մասնագետների հետ լրջորեն քննարկում բյուջեի նախագիծը, դրա տրամաբանությունն ու գաղափարախոսությունը, մշակում իրենց այլընտրանքը, և այլն։ Փոխարենը մերոնք ֆիքսվում են բյուջեի առանձին հոդվածների վրա։ Ոմանք թերթում են հաստափոր այդ փաստաթուղթը, իրենց համար նշում մի քանի կոնկրետ թվեր, որ ելույթ ունենալիս կամ հարց տալիս տպավորություն ստեղծեն, թե ոտքից գլուխ ծանոթացել են նախագծին։ Մեծ մասը, սակայն, ավելի հեշտ մեթոդ է օգտագործում. մամուլից ծաղկաքաղ է անում քննարկման առարկա դարձած մի քանի թիվ ու դրույթ և դարձնում քննարկման առարկա։
Բյուջեի քննարկումն ամբողջացրեց այն պատկերը որն այսօր ունենք ԱԺ-ում: Թվում է՝ այսքան թերություններով լի երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթը պետք է դառնար ընդիմության գլխավոր թիրախը: Կարելի էր նաև դիվիդենտներ շահել այս քննարկումներում: Թե՛ ԵԼՔ-ը, թե՛ «Ծառուկյան» դաշինքը դրա կարիքը ունեն: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է կառավարությանը չհիշեցնել այն մասին, որ այս տարի մենք արդեն պետք է բյուջետային ծրագրավորման անցած լինեինք։ Ինչպե՞ս կարելի է քննարկման առարկա չդարձնել պետական պարտքի մասին օրենքում սպասվելիք փոփոխությունները։ Ու փոխարենը՝ խոսել այն մասին, որ գյուղերում առաջին դասարաններ չեն բացվում՝ արտագաղթի պատճառով։ Ժողովրդագրական խնդիրը, իհարկե, սուր է, բայց ի՞նչ կապ ունի դա բյուջեի նախագծի հետ։ Ընդդիմությունը՝ իր պատրաստվածությամբ, պետք է ամեն ինչ անի՝ մասնագիտական դաշտում իշխանությանը ոչնչով չզիջելու համար։
Ընդդիմության նման պասիվությունը պատահական չես անվանի: Փաստացի, ստացվում է, որ պառլամենտական ընդդիմությունը՝ հանձինս ԵԼՔ-ի, ունի բավական մեծ էնտուզիազմ ու ակտիվություն, բայց չունի բավարար առարկայական օրակարգ՝ իշխանությանը հակադրելու: «Ծառուկյան» դաշինքի կսմիթներն էլ, որը չես անվանի ընդդիմադիր ուժին հարիր, պատշաճ քննադատություն՝ կարծես թե հուշում են, որ դաշինքն աչքի տակ պահում է 2018-ին կոալիցիա մտնելու հեռանկարը: Այդ հեռանկարը, հետևաբար՝ նաև քաղաքական լուսանցքում հայտնվելու սպառնալիքը քաջ գիտակցում է նաև ՀՅԴ-ն. գուցե դա է պառճառը, որ մասնավորապես Աղվան Վարդանյանը չխանայեց գովասանքի խոսքերն՝ ուղղված կառավարության տնտեսական քաղաքականության արդյունավետությանը, որը, ընդունենք՝ փոքր-ինչ կասկածելի է: Այո՛, ընդդիմությունը դեմ քվեարկեց և դա հասկանալի է, քանի որ եթե չկա կոշտ պրեսինգ, առնվազն առկա է իշխանական ուժի ամպլուան պահպանելու ցանկություն:
Ստելլա Խաչատրյան