Այսօր Ազգային ժողովը 61 կողմ և 35 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հարկայինի օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին՝ կառավարության ներկայացրած նախագիծը: Հարկային օրենսգիրքը կարելի է համարել տնտեսության գլխավոր փաստաթուղթը և տնտեսվարողների կողմից գործունեություն ծավալելու կարևորագույն գործոններից։ Հետևաբար` նման արագության օրենսգրքի փոփոխումը ստեղծում է հավելյալ անվստահություն տնտեսության նկատմամբ։ Ավելին` օրենսգիրքը դեռ ուժի մեջ չմտած՝ արդեն փոփոխությունների կատարումը խոսում է իշխանության ոչ պրոֆեսիոնալիզմի և երկարաժամկետ կայուն միջավայրի ստեղծման հնարավորությունների բացակայության մասին։
 
Հարկային օրենսգրքով նախատեսվում է հաջորդ տարվա հունվարից շրջանառության հարկի շեմը սահմանել 58.3 մլն դրամ՝ ներկայիս 115 մլն դրամի փոխարեն: Այսինքն՝ տարեկան 58.3 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցողները կհարկվեն ավելացված արժեքի հարկով: Սա լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար: Այս փոփոխությունների արդյունքում շրջանառության հարկի դաշտում մնալու է հիմնականում միկրո բիզնեսը: Փոքր բիզնեսի մի մասն ու միջին բիզնեսը կանցնեն ավելացված արժեքի հարկի դաշտ: Ակնհայտ է, որ դա էլ իր հետ կբերի որոշակի ռիսկեր,  քանի որ որոշ գործարարներ կարող են մի քանի ընկերություն գրանցել՝ փոքր շրջանառություն ցույց տալու համար, բիզնեսը կարող է գնալ դեպի ստվեր: Հաջորդ խնդիրն այն է, որ ձեռնարկությունների տնտեսական վիճակը կվատանա: Եթե շրջանառության հարկից մարդիկ անցնում են ԱԱՀ հարկման դաշտ, դա նշանակում է, որ հարկային բեռի ավելացում է լինում: Այս պարագայում հարց է ծագում՝ արդյո՞ք այդ ընկերությունները կարողանալու են գոյատևել և պահպանել իրենց մրցունակությունը շուկայում: Իհարկե, առողջ միջավայրում այդ խնդիրները կարող են լուծվել, բայց արդյո՞ք կառավարությունն ինքը հավատում է, որ մեր տնտեսական միջավայրն առողջ է…
 
Ստելլա Խաչատրյան