Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը դեկտեմբերի 15-ին հանդիպեց Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետ, գեներալ Սաբեթ Ալ Մուհաննայի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում դեսպան Բադեյանը շնորհակալություն հայտնեց նահանգապետ Սաբեթ Ալ Մուհաննային դեսպանության հետ անցած տարիների սերտ համագործակցության և բազում հարցերում ցուցաբերած աջակցության համար:

Կողմերը երկուստեք գոհունակությամբ ընդգծեցին հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը: Անդրադառնալով ապակենտրոնացված համագործակցությանը, կողմերը կարևորեցին զարգացմանն ուղղված քայլերի շարունակականությունը: Այս համատեքստում նախնական համաձայնություն ձեռք բերվեց մոտ ապագայում Երևանի քաղաքապետի և Էլ-Քուվեյթի նահանգապետի փոխայցելությունների կազմակերպման շուրջ։

Իր հերթին նահանգապետ Ալ Մուհաննան վերահաստատեց նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ իր հանձնառությունը' վստահեցնելով, որ ամեն կերպ պատրաստ է նպաստել դրանք կյանքի կոչելուն և հաջողություն մաղթեց դեսպանին իր հետագա գործունեության մեջ: