Այս պահին հանդիպում է տեղի ունենում «Աջ ղեկ» նախաձեռնության անդամների և Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի միջև: Նշենք, որ ակցիայի մասնակիցները բողոքում են աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման արգելքի դեմ:
Նախաձեռնության անդամները պահանջում են հետ կանչել կամ չեղարկել ամբողջ փաթեթը:
«Աջ ղեկ» նախաձեռնության համակարգողներից Գևորգ Աճեմյանն առաջարկեց հարցը պետք է ձևավորել աշխատանքային խումբ՝ նախաձեռնության ներկայացուցիչներով ներգրավված և քննարկել նորից. «Ոստիկանությունից տվյալներ են վերցրել, որոնց համաձայն` ավտոճանապարհային վթարների մինչև 11 % են իրենց մասնակցությունն ունեցել աջ ղեկով մեքենաները: Ասում եք անվտանգության համար է արվում, ուզում ենք դա հիմնավորվի»,- ասաց նա:
«Լոգոս» ՀԿ նախագահ Արա Մելիքջանյանը կարծիք հայտնեց՝ ասելով, որ սա ոլորտի կարևորագույն հարցը չէ. «Հսկայական խնդիրներ կան, օրինակ` հաղորդակցության ապահովումը, երթևեկության նշանները, գծանշանները և մի շարք այլ խնդիրներ: Եթե աջ ղեկով վարորդները վթարի են ենթարկվում, դա չի նշանակում, որ իրենք են մեղավոր և պատճառը աջ ղեկն է: Ամանորի նախաշեմին ձեր կողմից նվեր արվեց»,- նշեց նա:
Նախարար Վահան Մարտիրոսյանն էլ նկատեց՝ խախտումը խախտում է. «Կապ չունի վարորդը աջ ղեկ է քշում, թե ձախ: Դա վարորդի խնդիր չի, վարորդի խնդիր չկա: Դա ձեր անձնական գնահատական է, որ խնդիրը արդիական չէ: Ձախ ղեկի վարորդը կարող է ասել՝ արդիական է, աջը կարող է ասել՝ ոչ»,- ասաց Վահան Մարտիրոսյանը՝ ասաց նա՝ ավելացնելով, որ ամեն մեկն իր կարծիքն ունի:
Նախարար Վահան Մարտիրոսյանը հասցրեց նաև վիրավորել աջ ղեկ ունեցող մեքենաների վարորդներին, նրանց «կամիկաձեների» հետ համեմատելով:
Մասնավորապես Մարտիրոսյանն ասաց. «Ես հո կամիկաձե չեմ, որ աջ ղեկով մեքենա վարեմ»: Հարց է առաջանում, իսկ մյուսները կամիկաձենե՞ր են:
Նշենք նաև, որ ըստ ՀՀ ոստիկանության տվյալների, վթարների միայն 11 տոկոսն է եղել աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ, սակայն այդ փաստը ևս նախարարը կեղծեց, նշելով.
«Վերջին երեք տարիների ընթացքում վթարների 50 տոկոսի պատճառն աջ ղեկով մեքենաներն են»:
Զավեշտը կայանում է նրանում, որ ՀՀ ոստիկանությունը վերջին երեք տարվա տվյալներ չի ներկայացրել, և 50 տոկոս վթարների մասին նախարարի խոսքը հորինվածք է:
Հիշեցնենք` մշակվել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը և վերահաշվառումը կամ այլ կերպ ասած՝ վաճառքը: