Արդյունահանվող ջրային ռեսուրսների նվազեցումը, յուրաքանչյուր միավոր ջրի օգտագործման արդյունավետության բարձրացումը կլինի 2018-ի գերակա խնդիրներից մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Մեր հիմնական խնդիրներից մեկն այս տարի Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ավազանի գերշահագործումն է եղել: Այս տարի մեր անելիքների կենտրոնական տեղում է եղել հաշվառումը լիարժեք ապահովելը, ինչպես նաև խնայողությունների հնարավոր միջավայր ձևավորելը»,-ասաց Մինասյանը:

2017թ. սեպտեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են Արարատի և Արմավիրի մարզերի ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ ուսումնասիրություններ 239 ձկնաբուծական տնտեսությունների 584 խորքային հորերի նկատմամբ: Նշված ձկնաբուծական տնտեսություններից գործում է 124-ը:

Ձկնաբուծական նպատակով օգտագործվող փաստացի ջրաքանակը շուրջ 20947 լ/վ է, ինչը տարեկան կազմում է մոտ 660 մլն մ3 ջրաքանակ: 2017թ. Արարատյան դաշտում լուծարվել է 1, կոնսերվացվել է 16 և փականային ռեժիմի է բերվել 150 հորատանցք, որի արդյունքում խնայված ջրաքանակը կազմել է 5035 լ/վ, ինչը տարեկան կազմում է շուրջ 159 մլն/խմ: Մշտադիտարկումների արդյունքում նկատվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրի մակարդակի կայունացում և որոշ հատվածներում բարձրացման միտում։

«2017-ին իրականացված գործողությունները մեզ թույլ են տալիս ասել, որ տարեկան խնայողությունների ծավալը կկազմի շուրջ 150 մլն խոր մետր միայն ձկնաբուծական նպատակով օգտագործվող ջրերի համար»,-նշեց նախարարը: