Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստում որոշվել է կազմակերպել երկու միջոցառում: 2018թ․ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կկազմակերպվի ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարք, այդ թվում՝ շարժման մասնակիցների ելույթներ, լուսանկարների ցուցահանդես, կինոֆիլմերի դիտում, շարժման պատմությանը նվիրված գրքի ներկայացում։ Ինչպես նաև՝ ՀԺԿ-ի հետ համատեղ, 2018թ․-ի մարտի 1-ին, Ազատության հրապարակից կկազմակերպվի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ բողոքի երթ։

Սպասվող միջոցառումների շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀԱԿ-ի անդամ  Արամ Մանուկյանի հետ:

 

«Կոնգրեսը այս երկրի ամենալուրջ քաղաքական ուժն է և մեր կազմակերպված երկու միջոցառումները լինելու են բազմամարդ: Մարտի 1-ը մեզ համար հիշողության, հիշատակի օր է: 10 տարի շարունակ մեր ժողովուրդը երթի գնացել է, քանի որ դա մեզ համար պարտքի, հարազատի գերեզմանին գնալու նման մի բան է:

Ղարաբաղյան շարժման 30-ամյակը մեր ժողովրդի լուսավոր էջն է: Յուրաքանչյուր բարոյական, ազնիվ մարդ պետք է ոչ միայն հպարտանա, որ շարժման մասնակից է, այլև պետք է մատուցի դա նոր սերնդին, երիտասարդներին, ինչը չեն անում այսօրվա իշխանությունները: Մենք այդ պարտքը վերցրել ենք մեզ վրա, կանենք այնքանով, որքանով կարող ենք, որովհետև արհամարհել մեր ժողովրդի ամենապայծառ ժամանակահատվածը՝ 1988-90 թթ.-ը, պարզապես անխղճություն է, դավաճանություն է սեփական խղճի նկատմամբ»,- ասաց Մանուկյանը՝ ավելացնելով, որ կփորձեն որքան հնարավոր է՝ գեղեցիկ, մարդաշատ մատուցել իրենց շարժման գաղափարներն ու իրականությունը:

Նա դժվարացավ ասել, թե որքանով ժողովուրդը կհամախմբվի, սակայն նշեց՝ սրանով կտեսնենք, թե ժողովուրդը որքանով է ոգևորված, տրամադրված, և որքանով է ակտիվ մնացել:  

«Հավաքվածների թիվը մեծ չի կարող լինել, որովհետև այս տեմպով արտագաղթի դեպքում 10 տարի հետո գուցե սա էլ չկրողանանք նշել, քանի որ այս իշխանության քաղաքականությունը մարդկանց քշելն է: Գների թանկացում, աշխատողների կրճատում, կրթության ոչնչացում, իսկ կոռուպցիայի չափ ու սահմանը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ. այսօրվա իրականությունը սա է: Այսինքն՝ երկիրն արագությամբ տանում են հիասթափության, դատարկման, և այս վիճակով  դրանց դեմն առնելն իհարկե փոքր-ինչ դժվար է, բայց դա մեր գործն է»,- նկատեց Մանուկյանը:

Նա ընդգծեց՝ իրենք չեն հրաժարվել դեռևս մեկ տարի առաջ հայտարարած հիմնական խնդրի՝ Ղարաբաղյան հարցի լուծման իրենց տարբերակից և միչև հիմա էլ համարում են, որ խաղաղության հասնելը թիվ մեկ խնդիրն է Հայաստանում առկա մարտահրավերների դեմն առնելու համար. «Ցավոք սրտի, չկա մեկ այլ քաղաքական ուժ, որ սա համարի թիվ մեկ խնդիրը, քանի որ վախենում են: Խոսում են թանկացումներից, ամեն ինչից, բացի հիմնական հարցից: Մեր երկրի առջև կանգնած հիմնական վտանգը ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակն է»

 

Մանուկյանի խոսքով՝ սոցիալական խնդիրներն ածանցյալ են մեծ խնդիրներին. «Սոցիալական խնդիրները չպետք է լինեն և բարդանան, քանի դեռ կա պատերազմի վտանգ: Մենք ոչ թե հետևանքն ենք ուզում ուղղել, ոչ թե շաքարավազի կամ բենզինի գինը իջեցնել, այլ դրա պատճառը վերացնել, որը պատերազմի վտանգն է, դրա պատճառը Հայաստանաում աշխատատեղ չստեղծելն է, ներդրում չանելն է, արտագաղթն է: Այսինքն՝ չխոսել պատճառի մասին և խոսել հետևանքների մասին՝ առնվազն երեսպաշտություն է»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:  

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությանը, Մանուկյանը ընդգծեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է որոշում իր քայլերը և ինքը կորոշի՝ մասնակցել միջոցառումներին, թե՝ ոչ:

Սոնա Հարությունյան