Պրոթեզարանի փակման խնդիր դրված չէ, մտահոգությունները, թե այս կամ այն պրոթեզարանը կդադարեցնի աշխատանքը, տեղին չեն:
Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը: Նա անդրադարձավ վերջին օրերին մամուլում շրջանառվող այն դիտարկումներին, ըստ որոնց, նախարարության կողմից հայտարարված մրցույթում հաղթել է «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն, արդյունքում, դուրս է մնացել գերմանական «Ինտերօրթո» ՍՊԸ-ն, որը երկար տարիներ ծառայություններ է մատուցել հաշմանդամություն ունեցող անձանց:
Արթուր Կեսոյանը նշեց, որ մրցույթը դեռ չի ավարտվել, և հայտնի չէ, թե որ ծառայությունների մասով որ ընկերության հետ է կնքվելու պայմանագիր: Դա պարզ կդառնա փետրվարի 6-ին:
«Չհաղթող կազմակերպություն չի լինելու, երկուսն էլ տարբեր չափաբաժիններով հաղթող են լինելու: Ասենք' վերին վերջույթի պրոթեզավորման մասով մեկ կազմակերպությունը կարող է հաղթել, ստորին վերջույթի մասով' մեկ այլ: Նորից եմ ասում, չկա չհաղթող կազմակերպություն, եթե, իհարկե, այդ կազմակերպությունները համապատասխանում են սահմանված չափանիշներին»,-ասաց Արթուր Կեսոյանը:
Կառավարության շենքի մոտ վաղ առավոտից հավաքվել էին հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ծառայությունների որակի հետ կապված մտավախություն ունեն: Նրանք ցանկանում են շարունակել ծառայություններ ստանալ նույն պրոթեզարանից, աշխատել նույն բժիշկների հետ:
Արթուր Կեսոյանը վստահեցնում է, որ ծառայությունների որակի խնդիր չի լինելու:
«Մենք տարբեր ուսումնասիրություններով, մոնիթորինգ անելով' փորձել ենք նոր չափանիշներ սահմանել: Վերլուծելով բոլոր առաջարկությունները, աշխատելով հասարակական կազմակերպությունների հետ, հարցը քննարկելով այդ նույն պրոթեզարանների հետ, եկել ենք եզրահանգման, որ 2018 թվականից պրոթեզները տրամադրվեն միջազգային' այն է ISO13485 չափանիշին համապատասխան: Այսինքն' պրոթեզները լինելու են բարձր որակի»,-ասաց Արթուր Կեսոյանը:
Կառավարության շենքի մոտ բողոքող հաշմանդամություն ունեցող անձինք, ներկայացնելով իրենց մտահոգությունը, նշեցին, թե մտավախություն ունեն, որ «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն չի մատուցի որակյալ ծառայություն, ինչպես անում էր «Ինտերօրթո» ՍՊԸ-ն:
Արթուր Կեսոյանը նշեց, որ միջազգային չափանիշները հստակ սահմանված են և եթե մրցույթին մասնակցող կազմակերպությունը դրանց չի համապատասխանի, ապա վերջինիս հետ պայմանագիր չի կնքվի:
«Եթե մրցույթին մասնակցած կազմակերպության ծառայությունները չեն համապատասխանի միջազգային ISO չափանիշներին, ապա ոչ միայն պայմանագիր չի կնքվի, այլև այդ կազմակերպությունը կհայտնվի սև ցուցակում և հետագա մի քանի տարիներին իրավունք չի ունենա մասնակցել նախարարության հայտարարած մրցույթին: Վստահեցնում ենք' չենք թույլ տալու անորակ դետալներ, անորակ աշխատանք»,-ասաց Արթուր Կեսոյանը:
Նա ընդգծեց, որ այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ մենաշնորհ չլինի:
«Թող լինի երրորդ, չորրորդ պրոթեզարան, և հաշմանդամություն ունեցող անձն ընտրի՝ որտեղից ինչ ծառայություն ստանա: Ի՞նչ խնդիր կա»,-հավելեց նա: