Արգենտինայի հայկական Prensa Armenia լրատվական գործակալությունը փորձել է բացահայտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լատինական Ամերիկայի երկրներ նախատեսված այցելությունը չեղարկելու պատճառները:
Գործակալությանը հայտնի է դարձել, որ լարվածությունը սկսվել է, երբ Ուրուգվայում, Արգենտինայում և Պարագվայում Թուրքիայի դեսպան Մերալ Բարլաշը պաշտոնապես հունվարի 26-ին՝ այցից ընդամենը երկու շաբաթ առաջ է դիմել Ուրուգվայի արտգործնախարարություն՝ ճշտելու, թե արդյոք նախագահը կարող է հանդիպել Էրդողանի հետ: Ի պատասխան դիմումի հայտնի է դարձել, որ Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը հրաժարվել է ընդունել Թուրքիայի նախագահին ամբողջական օրակարգով, նա համաձայնել է միայն կարճ հանդիպման, ինչը թուրքական դիվանագիտությունն անբավարար է համարել: Բացի այդ, Ուրուգվայի կառավարությունը հրաժարվել է ձեռնարկել անվտանգության արտակարգ միջոցներ ապահովելու թուրքական կողմի պահանջը, որը ենթադրում էր շուրջ 100 թուրք թիկնապահի, դիպուկահարների և հատուկ պատրաստված շների առկայություն:
Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից այցը չեղարկելու մասին իմացել է միայն հունվարի 30-ին՝ լրատվամիջոցներից: «Մինչև այդ Ուրուգվայի կառավարությունը որևէ պաշտոնական տեղեկություն չի ունեցել այցի չեղարկման մասին»,- հայտնել են երկրի արտաքին գործերի նախարարությունից:
Արգենտինայում առաջին անգամ 2018 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն անցկացվելու է G20 գագաթնաժողովը, որը նախագահելու է երկրի ղեկավար Մաուրիսիո Մակրին: Ակնկալվում է, որ Էրդողանը նախ կայցելի Ուրուգվայ, ապա նոր միայն Արգենտինա:
Նա արդեն մեկ անգամ՝ 2010 թվականին չեղարկել էր այցը Արգենտինա: Այն ժամանակ Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Էրդողանը պետք է այցելեր Բուենոս Այրես՝ մասնակցելու մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի բացման արարողությանը: Հայկական համայնքի գործադրած ճնշման հետևանքով, սակայն, քաղաքային իշխանությունները՝ այն ժամանակ քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի գլխավորությամբ, չեղարկել էին Աթաթուրքի արձանի տեղադրման նախագիծը: Դա պատճառ էր դարձել, որ Էրդողանը չեղյալ համարեր այցն Արգենտինա:
Հայ համայնքը նրա դեմ բողոքի ցույց էր կազմակերպել նաև 2013 թվականի սեպտեմբերին, երբ Էրդողանն այցելել էր Արգենտինա՝ մասնակցելու Միջազգային օլիմպիական կոմիտեի նիստին և աջակցելու 2020 թվականի Օլիմպիական խաղերը Ստամբուլում անցկացնելու առաջարկին: