Այսօրվանից սկսվում է Երևանի ավագանու ընտրություններում ցուցակների առաջադրումը: Ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է այսօրվանից սկսած մինչև մարտի 21-ը' ժամը 18:00:
Ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է մարտի 21-31-ն ընկած հատվածում:
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի ապրիլի 7-ին ու կշարունակվի մինչև մայիսի 3-ը' ժամը 24-ը: Մայիսի 4-ը լռության օր է: Մայիսի 5-ին ժամը 8:00-ին կմեկնարկի քվեարկությունը:
Ավագանու ընտրություններին մասնակցության մասին հայտարարել է ՀՀԿ-ն, որի համամասնական ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցությունը հանդես կգա սեփական ցուցակով' ցուցակը գլխավորում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
ԲՀԿ ցուցակը կգլխավորի ԱԳ նախկին նախարար, պատգամավոր Վարդան Օսկանյանը, երկրորդը ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն է, երրորդը՝ առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը:
«Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն դեռ քննարկում են մասնակցության ձևաչափը: