Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, վերհիշելով իր բուն պարտականությունների մասին՝ հայտարարել է, թե անընդունելի է կառավարության նիստերը լրագրողական համայնքի համար փակելու որոշումը։ Սակայն Թաթոյանը միայն այսքանով չի սահմանափակվել. ինչպես ասում են՝ ձեռքի հետ քննադատել է նաև ծխելու դեմ տուգանքի չափի՝ անտրամաբանական լինելը։
Իհարկե, կարելի է ենթադրել, որ Թաթոյանը առյուծի կաթ է խմել, կամ էլ նրա մեջ արթնացել է իրավագիտակցությունը և նա ի վերջո որոշել է զբաղվել այն գործով, որի համար պետբյուջեից վճարվում է, ասել է թե՝ պաշտպանել քաղաքացիների իրավունքը։ Սակայն վաղ ենք ցնծում, քանի որ Արման Թաթոյանի զայրույթը իրականում պայմանավորված է սեփական իրավունքների ոտնահարմամբ։ Բանն այն է, որ ՄԻՊ-ը կշարունակեր պահել իրեն այդքան բնորոշ լռությունը, եթե Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վերոնշյալ նախագծի մեջ շտկումներ չմտցներ, որոշելով, որ Թաթոյանն էլ, լրագրողների պես, անելիք չունի կառավարության նիստերի դահլիճում։ Եվ իրոք, Հարությունյանին կարելի է հասկանալ. հաշվի առնելով, որ օմբուդսմանը պաշտոնավարման ողջ ընթացքում աչքի չի ընկել գեթ մեկ հանրօգուտ քայլով, դժվար է ենթադրել, որ կառավարության նիստերի դահլիճում Թաթոյանի վրայից ինչ-որ հրաշքով կանհետանա անգործունեության և պարապուրդի շղարշը։
Հենց «բորտին» մնալու հեռանկարն է, որ ստիպել է Թաթոյանին՝ այսօր խիստ տոնով սաստել կառավարությանը իր ընդունած որոշումների համար։ Ինչ վերաբերում է լրագրողների դարդ ու ցավին դարման անելու՝ Թաթոյանի վեհ ցանկությանը, ապա ավելորդ չէ հիշեցնել, որ այդ նույն լրագրողները դեռ Սարի Թաղի դեպքերից ի վեր՝ ՄԻՊ-ից պատշաճ եզրակացություն չեն հաջողացնում կորզել։ Հետևաբար, Թաթոյանը պիտի խոստովանի, որ ինքը բոլորովին էլ իր երազած տղան չէ և ընդամենը մի սովորական վարչարար է, ով կատարելու է այն, ինչ կհանձնարարեն, կամ էլ պիտի հայտարարի, որ ինքը լուսնից է իջել և ոչինչ չգիտի Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին, արթնանում է միայն այն ժամանակ, երբ պետք է լինում պաշտպանել սեփական իրավունքները, որոնք, ի դեպ, վերջերս ավելի ու ավելի հաճախ են ոտնահարվում։ Գուցե Թաթոյանը և նրա ղեկավարած կառույցը ավելորդ է ոչ միայն կառավարությունում․․․
Ստելլա Խաչատրյան