«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման և Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժ. Սեֆիլյանի, ընդդիմադիր ակտիվիստ Գ. Սաֆարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստին գործով անցնող անձինք պաշտպանական ճառով հանդես եկան:
Ժ. Սեֆիլյանին, սակայն, նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը թույլ չտվեց ընթերցել պաշտպանական ճառը, քանի որ, ըստ նրա, Սեֆիլյանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատարանի նկատմամբ՝ ոտքի չկանգնելով: Թույլ չտվեց նաև, որ ճառն ընթերցի պաշտպաններից Տ. Եգորյանը, ով նախորդ նիստերից մեկի ժամանակ կասկածի տակ էր դրել դատավոր Տաթևիկ Գրիգորյանի մասնագիտական գիտելիքները:
Առաջինն, ըստ Սեֆիլյանի, տեղի է ունեցել 2016 թվականի հունվարի 12-ին. «Քննչական կոմիտեի քննիչի պաշտոն զբաղեցնող Մակինյանն ինձ հրավիրել է իր մոտ ու օգտվելով առիթից, որ իմ պաշտպանը դեռ չէր ժամանել, շուտափույթ կերպով ինձ բանավոր փոխանցեց իր վերադասի՝ անձամբ Ս. Սարգսյանից իջեցված սպառնալիքը, թե «վերջին անգամ Ձեզ զգուշացնում ենք, որ եթե շարունակեք Ձեր քաղաքական գործունեությունը, Դուք հայտնվելու եք նորից ճաղերի հետևում»:
Այս սպառնալիքից հետո, ըստ Ժ. Սեֆիլյանի, սկսվել են քաղաքական հետապնդումները, նախապատրաստվել է շինծու գործ, որին էլ հաջորդել է իր ու թիմակիցների բանտարկությունը:
Իրեն անմիջական ահաբեկելու երկրորդ դեպքն էլ է եղել. «Ահաբեկելու երկրորդ դեպքի մասին մինչ օրս չեմ տեղեկացրել հանրությանը, կային անձնական բնույթի, մասնավորապես ընտանիքիս հոգեկան ծանր ապրումներից զերծ պահելու պատճառներ, այդ դեպքը վերաբերում է ինձ ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիքներին: Հրապարակայնացնում եմ նաև այդ անձի անունը, ով միջնորդավորված ձևով փոխանցել էր այդ սպառնալիքը: Դա բառացի կերպով հնչել է այսպես, մեջբերում եմ. «Դադարեցրու քո քաղաքական գործունեությունը, ապա թե ոչ, ռուսները որոշել են սպանել քեզ»: Իմ պատասխանը եղել է. «Զեկուցեք ձեր ղեկավարությանը, որ ՀՀ-ն տեր ունի, և մենք գտնվում ենք մեր հողի վրա ու ազատ ենք մեր գործունեությամբ, իսկ դուք շուտով ռադներդ քաշելու եք մեր երկրից»:
«Այս սպառնալիքն ինձ փոխանցել է վերջերս իր ակտիվ գործունեությամբ հայտնի դարձած «Հանուն ինքնիշխան Հայաստանի» նախաձեռնության համակարգող, ինչպես նաև վերջերս ռազմական փորձագետ հանդես եկող Հայկ Նահապետյանը: Անշուշտ, ճշտելու կամ ստուգելու համար, թե այս սպառնալիքի մտահղացողն ու հանձնարարականը որտեղի՞ց է եղել՝ Կրեմլի՞ց, թե՞ նրա խամաճիկ Բաղրամյան 26-ից, հնարավոր կլինի միայն այս ռեժիմից ձերբազատվելուց հետո: Միևնույն ժամանակ, մեծ հաշվով, այդքան էլ էական չէ ճշտել աղբյուրն այն պատճառով, որ Բաղրամյան 26-ն ընդամենը Կրեմլին ենթակա մի փոքրիկ բաղադրիչ է»,- իր պաշտպանական ճառում նշում էր Սեֆիլյանը: