«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծով նպատակ է դրված ստեղծել այնպիսի պայմաններ, որ հաշմանդամություն ունեցող անձը կարողանա իրացնել իր բոլոր հիմնարար իրավունքներն ու ազատությունները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ներկայացրեց օրենքի նախագծի կարևոր դրույթները:
«Օրենսդրությունն ամբողջությամբ համապատասխանեցվում է ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կոնվենցիայի պահանջներին: Նախագիծը բազմիցս քննարկվել է պետական և ոչ պետական կառույցների հետ: Հիմնական նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ հաշմանդամություն ունեցող անձը կարողանա իրացնել իր բոլոր հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Նպատակն է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել հավասար և մատչելի պայմաններ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Այսինքն' ամբողջ դաշտը պետք է լինի ներառական»,-ասաց Աննա Հակոբյանը:
Նրա խոսքով, նոր նախագիծն առանձնանում է նրանով, որ հաշմանդամության հիմնախնդիրների կարգավորումը դիտարկվում է ոչ միայն առողջության կամ սոցիալական պաշտպանության տեսանկյունից, այլև առողջական խնդիրների և շրջակա միջավայրի փոխազդեցության համատեքստում:
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ Զարուհի Բաթոյանն առանձնացրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծում իրավունքի վրա հիմնված մոտեցումը, այն է' կենտրոնանալ ոչ միայն մարդու խնդիրների, այլ հավասար հնարավորությունների վրա:
«Այո, այս նախագիծը բավական կարևոր մոտեցումներ և սկզբունքներ է ամրագրում: Շատ կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց ավելի լայն խմբի իրավունքների պաշտպանությունը, այլ ոչ թե այն մարդկանց, ում հաշմանդամությունը ճանաչվել է հատուկ գործակալության կողմից: Կարևորում եմ նաև խտրականության սահմանումը, այս նախագծով խելամիտ հարմարությունների տրամադրման մերժումը ևս խտրականություն կարող է համարվել: Ի դեպ, առաջին անգամ օրենսդրորեն սահմանվում է, թե ինչ ասել է խտրականություն հաշմանդամության հիմքով»,-ասաց Զարուհի Բաթոյանը: Ըստ նրա' լուրջ մտահոգություն են առաջացնում վերահսկողական մեխանիզմներին վերաբերող հարցերը: Եթե նույնիսկ լավ օրենք էլ լինի, ըստ Զարուհի Բաթոյանի, շատ կարևոր է դրա իրականացումը:
ԱՄՆ փորձագետ, իրավաբան Ջոն Վիդաչն, ով ԱՄՆ-ում հեղինակել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող օրենսդրական նախագիծը, նշեց, որ ակտիվորեն աշխատել է Հայաստանի գործադիր, օրենսդիր մարմինների, հասարակական հատվածի հետ:
«Հայաստանում ես մեր փորձն եմ ներկայացնում, շատ ուրախ եմ, որ իմ առաջարկություններից շատերը հաշվի են առնվել: Մեր փորձառությունը ցույց է տալիս, որ ուժեղ օրենք ունենալուց բացի, անհրաժեշտ է ապահովել դրա արդյունավետ կիրարկումը»,-ասաց Ջոն Վիդաչը:
Նա կարևորեց հանրային իրազեկումը, և ներկայացրեց, որ ԱՄՆ-ում տևական ժամանակ տեղեկատվական աշխատանք է տարվել շինարարական կազմակերպությունների, այդ ոլորտի տեսուչների հետ, որպեսզի հասկանան, թե ինչ ասել է ապահովել հասանելի միջավայր:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն ընդունել է: Առաջիկայում նախատեսվում են Ազգային ժողովում հանրային լսումներ անցկացնել: