Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

[gallery id= 60543]
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ, ինչից հետո հիշատակի ծառուղում տնկեց անվանական եղևնի:

Ժան Ասելբոռնի աչքից չվրիպեց Արարատ լեռան գեղեցիկ համայնապատկերը. նա լեռան ֆոնին լուսանկարվելու ցանկություն հայտնեց:

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանը 2015թ. մայիսի 6-ին ընդունած բանաձևով ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Այցի շրջանակում նա հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հանդիպումներ կունենա նաև խորհրդարանում: Մարտի 27-ին նախատեսված են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ժան Ասելբոռնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: