Հայաստանը ծրագրում է մինչ 2030 թվականը էլեկտրաէներգիայի ներքին սպառման կառուցվածքում օգտվել միայն վերականգնվող ու ատոմային հզորություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: «Ներկայում ծրագիրը մշակման փուլում է, որով գազային ու ջերմային կայանները կաշխատեն միայն արտահանման նպատակով: Դա կարող է ենթադրել 20-30 տոկոս արևային հզորությունների չափաբաժին էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ»,-նշեց փոխնախարարը: Նրա խոսքով' վերականգնվող էներգետիկան' հիդրո և այլ վերականգնվող ռեսուրսներով, նախատեսվում է հասցնել 70 տոկոսի:

Հաշվի առնելով վերոնշյալը' լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես կլուծվի Ատոմակայանի հարցը, քանի որ նոր էներգաբլոկի կառուցման մասին դեռ ներդրումներ չկան: Հայկ Հարությունյանը նշեց, որ ներկայում ողջ ռեսուրսն ուղղվել է Ատոմակայանի կյանքի երկարացման ծրագրին, որի արդյունքները պարզ կլինեն 2019-ի ավարտին: «Այդ ժամանակ մենք արդեն հստակ կիմանանք, թե ինչ ռեսուրս այնտեղ կունենանք, քանի տարի կկարողանանք այն շահագործել: Գնահատականը տրվելու է ոչ թե նախարարության կողմից, այլ ՄԱԳԱՏԷ-ի: Դրանից հետո պարզ կլինի, թե նոր ատոմակայանի ծրագիրը երբ պետք է մեկնարկի, ինչ հզորությամբ և ինչ տեխնոլոգիաներով»,-նշեց պաշտոնյան' հավելելով, որ այդ որոշումը կկայացնեն 2020-21 թվականներին: