Այսօր երեկոյան Քաղաքացիական պայմանագրի քայլերթի մասնակիցները մտնելու են Ազատության հրապարակ, որտեղ շուրջօրյա հանրահավաքներ են սկսվելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Միեւնույն ժամանակ, տեղի են ունենալու ակցիաներ՝ փողոցների, Ազգային ժողովի շենքի, պատգամավորների բնակարանների շրջափակում՝ թույլ չտալու համար Ազգային ժողովում վարչապետի թեկնածության քվեարկությունը: Նիկոլ Փաշինյանն էլ անչափ ուշագրավ հայտարարություն է արել. նա պնդում է, որ եթե փողոցում հավաքվեն տասնյակ հազարներ, եւ ինքը չիրականացնի իր ծրագիրը, հեռանալու է քաղաքականությունից: Իրականում Նիկոլ Փաշինյանը հայաստանյան քաղաքական դաշտի թերևս ամենառացիոնալ, իրատես և պրագմատիկ քաղաքական գործիչներից է: Չմոռանանք, որ նա հանդիսանում է Լևոն Տեր-Պետրոսյանի կադրը և այս երկար ու ձիգ տարիների ընթացքում հսկայական քաղաքական փորձ է կուտակել: Այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանը անում մի հայտարարություն, որի տակից դուրս գալը անչափ դժվար է լինելու:
 
Ով-ով, սակայն Փաշինյանը չի կարող չգիտակցել, որ տասնյակ հազարավոր մարդիկ այսօր չունեն ոչ ցանկություն, ոչ ուժ, ոչ էլ առավել ևս հավատ՝ փողոցային պայքարի դուրս գալու մի դեպքում, երբ ընդդիմությունը չի բարեհաճում անգամ լուրջ օրակարգ, ծրագիր առաջարկել, ընդ որում՝ ծրագիր, որն իշխանությունների 10 հազար դրամից ավելին կարժենա: Այս դեպքում Փաշինյանի արած հայտարարությունն ավելի շատ նման է նրան, որ ՔՊԿ անդամը փորձում է վա-բանկ գնալու տպավորություն ստեղծել: Արդյո՞ք Փաշինյանը չի գիտակցում, որ կարող է հայտնվել Սերժ Սարգսյանի իրավիճակում, երբ ստիպված է լինելու արդարանալ, թե քաղաքական հայտարարությունները պահի տակ են արվում, իսկ քաղաքական կյանքը մի կետում կանգնած չէ, իրավիճակ է փոխվել և Փաշինյանը որոշում է կայացրել մնալ քաղաքականության մեջ: Իհարկե, Փաշինյանն այս ամենը քաջ գիտակցում է:
  
ՔՊԿ-ն սկզբունքորեն բացառել էր բռնությունն իրենց գործողություններում. դա նույնիսկ նախապայման էր դարձրել իրենց և Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող մյուս ուժերի համագործակցության համար: Իսկ ինչպե՞ս են ՔՊԿ-ում պատկերացնում խաղաղ ճանապարհով պատգամավորների «բանտարկությունն» իրենց տներում կամ խորհրդարանի շենքի «բանտարկությունը»: Ինքնին հասկանալի է, որ դա նույնիսկ տեսականորեն բացառվում է, որովհետև գրեթե հարյուր տոկոսով կանխատեսելի է, որ Ազատության հրապարակում կամ խորհրդարանի շենքի մատույցներում չի հավաքվելու Փաշինյանի նշած «հաղթական» թիվը` 50.000: Ստացվում է` Նիկոլ Փաշինյանը հակասության մեջ է մտնում ինքն իր հետ, որովհետև քաղաքական պայքարի խաղաղ բնույթը պետք է ունենա բացառապես սահմանադրական հիմքեր: Գուցե հենց դա գիտակցելով՝ նա փոխել է իր շեշտադրումները, այժմ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, փողոցներ փակելը, շենքեր-շինություններ շրջափակելը կախված է լինելու նրանից, թե որքան մարդ նրան կմիանա: Ստացվում է՝ Փաշինյանն, այս պահից սկսած, պայքարի տապալումը փորձում է բարդել քաղաքացիների վրա:
 
 
Ստելլա Խաչատրյան