Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 4-ին՝ կեսգիշերից մի քիչ անց, ահազանգ ստացվեց, որ «Չարբախի փոս» կոչվող տարածքում արնաշաղախ մարդ է ընկած, հնարավոր է, որ դանակահարված է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության հայտարարության մեջ ասվում է.

«Չնայած վերջին օրերին ոստիկանությունն աշխատում է գերլարված ռեժիմով, համապատասխան ծառայությունները շարունակում են ողջ ծավալով իրականացնել հանցավորության հակազդման իրենց գործառույթը:

Ահազանգին անմիջապես արձագանքած օպերատիվ խումբը Կարմիր բլուր 2-րդ փողոցի թիվ 98 տան դիմաց հայտնաբերեց 20-25 տարեկան, անձը չպարզված տղամարդու դիակ' գլխի, կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած ծակած վնասվածքի հետքերով:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հստակ համագործակցության, անհետաձգելի գործողությունների իրականացման և իրավապահների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ճշտվեց կատարվածի շրջանակը և «տաք հետքերով» հայտնաբերվեց կասկածյալը' 1995 թվականին ծնված Ռազմիկ Ն.-ն, որը բերման է ենթարկվել ոստիկանություն:

Համալիր միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Իրականացվում են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է»: