Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2018 թվականի առաջին եռամսյակում ծնվել է 527 երեխա, որոնցից 268-ը ՝ տղա, 259-ը՝ աղջիկ:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի առողջապահության նախարարությունից:
Հարկ է նշել, որ ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը 2018 թվականի առաջին եռամսյակում կազմել է 560 երեխա, որոնցից 280-ը՝ տղա, 280-ը՝ աղջիկ: 560-ից 527 երեխայի ծնունդն արձանագրվել է ԱՀ, իսկ 33-ը՝ ՀՀ բուժհաստատություններում:
Միայն 445 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ գրանցվել է Մարտակերտի բուժհաստատությունում՝ 41 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 23, Հադրութում՝ 8, Քաշաթաղում՝ 7 և Շահումյանում՝ 3:
Երեք ամսում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 4 ծնունդ՝ բոլորը բնական բեղմնավորման արդյունքում:
2017 թվականի առաջին եռամսյակում Արցախում ծնվել է 515 երեխա, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ծնունդների թիվն աճել է 12-ով: