Բաց նամակ՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
Մեծարգո պարոն վարչապետ,
Ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից որդեգրած առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը:
Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ` հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ:
Մթերային ցանցային խանութները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են Ա/Ձ-ներ և գյուղմթերքի շրջանառությունը իրականացրել են այդ Ա/Ձ-ների միջոցով, որի համար սահմանվել է 5 տոկոս շրջանառության հարկ:
Օրինակ, եթե գյուղմթերքը գյուղացուց գնվել է 1,000 ՀՀ դրամով և վաճառվել 1,100 ՀՀ դրամով, հարկային մարմին որպես շրջ. հարկ վճարվել է 55 ՀՀ դրամ, իսկ եթե ցանցերը գործունեություն ծավալեին առանց Ա/Ձ-ների, ապա վերջիններս պետք է ընդհանուր գնից վճարեին 20 տոկոս ԱԱՀ, ինչն անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու էր սպառողը, ինչն էլ իր հերթին կբերեր գյուղմթերքի բավական անհիմն թանկացումների: Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասը արդեն իսկ գանձել է և հիմա պահանջում է ևս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը ցանցները չեն աշխատել:
Վերը նշվածը կարող է հանգեցնել այլ երկներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաև թե առևտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե աշխատատեղեր ապահովելու խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում է շուրջ 10,000 քաղաքացի:
Ուստի առաջարկում ենք համապատասխան օրենսդրական լուծումներ նախաձեռնել խնդրո առարկայի վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք կազմակերպել հանդիպում առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետներում` թանկացումներից խուսափելու և ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
Հարգանքներով`
Երևան Սիթի սուպերմարկետների ցանց` Հայկ Իսրայելյան
Նոր Զովք սուպերմարկետների ցանց` Արամ Արամյան
Կրպակ սուպերմարկետների ցանց` Սիմոն Խաչատրյան
Կայզեր սուպերմարկետների ցանց` Պարթև Պետրոսյան
Սաս Գրուպ սուպերմարկետների ցանց` Ստեփան Սահակյան
Պարմա սուպերմարկետների ցանց` Աշոտ Կարապետյան
Ծիրան սուպերմարկետների ցանց` Արման Գալստյան
Էվրիկա սուպերմարկետների ցանց` Թեմուր Ուսուբով
Վաս գրուպ սուպերմարկետների ցանց` Սամվել Ղազարյան
Դանիելյան սուպերմարկետ` Տիգրան Դանիելյան
Շիրակ խանութների ցանց՝ Գևորգյան Գոռ