Երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված' հրաժարականի դիտում է ներկայացրել ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

«Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ Արմավիրի մարզպետ նշանակվելն ընկալել եմ վերադարձ դեպի տուն, իմ ծննդավայր, որտեղ մարդիկ ինձ միշտ շատ հարազատ են եղել, խնդիրները' ծանոթ, անելիքները' հստակ, իսկ ապագան' լուսավոր ու տեսանելի:

Առաջնորդվելով այս հիմնարար մոտեցումներով' պաշտոնավարմանս տասնմեկ ու կես տարիների ընթացքում իմ գործընկերների հետ միասին աշխատել ենք հանուն, այլ ոչ թե ընդդեմ գաղափարախոսությամբ: Վստահեցնում եմ, որ արել ենք առավելագույնը' համակողմանի զարգացած և գործուն ենթակառուցվածքներով մարզային տնտեսություն ունենալու համար: Մարզի զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարելավմանը միտված մեր ծրագրերը կյանքի են կոչվել ոչ միայն պետական բյուջեի միջոցների, այլև առանձին անհատների, բարերարների, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ:

Այսօր մեկ անգամ ևս իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլորին' մեր մոտեցումները կիսելու, մեզ վստահելու և գործուն աջակցության համար:

Ներողություն եմ խնդրում նաև չարվածի, այն գործերի համար, որոնց իրականացումն իմ ուժերից վեր է եղել...: Սակայն լիահույս եմ, որ դրանք էլ ժամանակի ընթացքում կյանքի կկոչվեն, և հավատացած եղեք' առաջին ուրախացողը հենց ես կլինեմ:

Եվս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել իմ գործընկերներին և վստահեցնել, որ մեր երկարամյա գործունեության հաջողության գրավականը եղել է միասնական, թիմային աշխատանքը և համախմբվածությունն ընդհանուր գաղափարների շուրջ:

Ամենայն բարիք և արևշատություն եմ ցանկանում Արմավիրի մարզի յուրաքանչյուր բնակչին, բազում հաջողություններ ու ձեռքբերումներ' նոր մարզպետին: Լավ եղեք»,-ասված է հայտարարության տեքստում: