ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հնարավորությանը: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հարցին, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված խնդիր կա, և իրենք այդ հարցերով զբաղվում են:

«Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք շատ բարձր գնահատեցինք այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանին գազ մատակարարում է բավականին էժան գնով: Բայց ես ասացի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար կարևոր է ոչ թե այն, թե ինչ գնով է Ռուսաստանը Հայաստանին գազ մատակարարում, այլ այն, թե ինքը իր տանը ինչ գնով է սպառում այդ գազը: Հայաստանի քաղաքացին այսօր չի զգում, որ Ռուսաստանի էժան գազ է սպառում, և ես կարծում եմ, որ այստեղ կարող են լինել որոշակի անարդյունավետ կառավարման՝ ընդհուպ մինչև կոռուպցիոն ռիսկեր: Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանի իշխանությունը ըմբռնմամբ է մոտենում, որ մենք այս հարցերով լրջությամբ զբաղվենք և հասկանանք, թե ինչ է տեղի ունենում»,- նշեց վարչապետը:

 

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ հարցին՝ վարչապետն ընդգծեց, որ այստեղ ևս խնդիրներ կան, որով կառավարությունը զբաղվում է: «Ես ուղղակի չեմ ուզում ժամանակից շուտ որևէ հայտարարություն անել, բայց հավաստիացնում եմ, որ մենք այս հարցերով լրջորեն զբաղվում ենք և հույս ունենք, որ այդտեղ կունենանք կոնկրետ արդյունքներ»,- եզրափակեց Փաշինյանը: