ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:
«Թեկնածուին ներկայացնելու համար հատկացվում է մինչև 10 րոպե, թեկնածուի ելույթի համար հատկացվում է մինչև 30 րոպե, թեկնածուի եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչև 15 րոպե»,- ասաց Բաբլոյանը:
ՀՀ ԱԺ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին ներկայացնելու համար ամբիոնի մոտ հրավիրեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանին:
Խունդկարյանը նախ համառոտ ներկայացրեց դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ անդամի թափուր տեղի համար թեկնածուի ընտրության կարգը: «Հայաստանի Սահմանադրության 213-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են հաջորդաբար՝ Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը: Վկայակոչված սահմանադրական դրույթին համապատասխան, նկատի ունենալով, որ Սահմանադրական դատարանի դատավորի ակնկալվող թափուր տեղի համար ըստ հաջորդաբար առաջադրման սկզբունքի, հերթական առաջադրումը պետք է իրականացվի դատավորների ընդհանուր ժողովի կողմից, ապրիլի 19-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է Սահմանադրական դատարանի նախագահի գրությունը, որով տեղեկացվել է, որ 2018թ. հունիսի 16-ին պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու են Սահմանադրական դատարանի դատավոր Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունները: Նշված գրությունը հիմք ընդունելով՝ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատարը ձեռնամուխ է եղել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության գործընթացը կազմակերպելուն: Մայիսի 18-ին հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով, որին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի բոլոր դատավորները, ովքեր էլեկտրոնային եղանակով ծանուցվել են գալիք ժողովի և դրա օրակարգի վերաբերյալ»,- մանրամասնեց Խունդկարյանը:
Նա հավելեց, որ միաժամանակ առաջարկվել է ընտրություններին ինքնաառաջադրված կամ այլ դատավորների կողմից առաջադրված դատավորների առկայության դեպքում ներկայացնել իրենց թեկնածությունները: «Ստացվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի կողմից ներկայացված գրությունը նույն պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունն առաջադրելու և Վարչական դատարանի նախագահի և նույն դատարանի 5 դատավորների ներկայացրած գրությունը նույն դատարանի դատավոր Արման Դիլանյանի թեկնածությունն առաջադրելու համար: Երկու թեկնածուներն էլ իրենց կենսագրական տվյալներով, անձնական հատկանիշներով և մասնագիտական որակներով համապատասխանում են սահմանված պահանջներին: Մայիսի 18-ին հրավիրված դատավորների ժողովում նոր թեկնածուներ չեն առաջադրվել: Դատավորների ընդհանուր ժողովին մասնակցել է 175 դատավոր: Դատավորների ընդհանուր ժողովը մինչ քվեարկությունը թեկնածուներից յուրաքանչյուրին ելույթով հանդես գալու հնարավորություն է ընձեռել: Քվեարկության արդյունքներով Ելիզավետա Դանիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 88, Արման Դիլանյանի թեկնածությանը՝ 87 դատավոր»,- ընդգծեց նաԴատավորների ընդհանուր ժողովը քվեարկության հաջորդ օրն Ազգային ժողովին Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:
ՍԴ անդամի թեկնածու Ելիզավետա Դանիելյանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է խորհրդարանի ամբիոնից հանդես գալ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Նա շնորհակալություն հայտնեց իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար: «Այս ընտրությունն ինձ հնարավորություն է տալիս շարունակել իմ ներդրումն ունենալ Հայաստանի արդարադատության, տվյալ դեպքում՝ սահմանադրական արդարադատության իրականացման բարդ և պատասխանատու գործում, նպաստել Սահմանադրության գերակայությանը, շարունակել ծառայել մեր ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Դանիելյանը: