Ռումինիայի Կլուժ նահանգի Գեռլա քաղաքում (պատմական Արմենոպոլիս/Հայաքաղաք), հունիսի 16-ին հերթական անգամ անցկացվեց Սբ. Գրիգոր Լուսավորչի տոնը, որը, որպես հայկական տոն և հայության համախմբման օր, ավանդաբար նշվում է շուրջ երկու տասնամյակ և ուղեկցվում տարաբնույթ հայկական միջոցառումներով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիսություններին մասնակցեցին Կլուժի նահանգային և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, այդ թվում՝ Կլուժի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը, Գեռլայի քաղաքապետ Իոան Նեսելեանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ՌՀՄ Տրանսիլվանիայի մասնաճյուղի նախագահ Իոան Էստեգարը, Կլուժի մասնաճյուղի նախագահ Կարեն Սեբեշին, ՌՀՄ տարածքային այլ մասնաճյուղերի ղեկավարներ, Ռումինիայի տարբեր քաղաքներից, ինչպես նաև Հունգարիայից ժամանած հարյուրավոր հյուրեր:
Նույն օրը Գեռլայի Սուրբ Երրորդության հայ կաթողիկե տաճարում մատուցվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնական պատարագ' Ալբա Յուլիայի կաթոլիկ արքեպիսկոպոս Գյորգի Յակուբինիի հանդիսապետությամբ:
Պատարագին առաջին անգամ մասնակցում էր Սուրբ Աթոռի պապական նվիրակ, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայեն Միգել Մաուրի Բուենդիան, ով իր քարոզախոսության վերջում ներկաներին փոխանցեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի օրհնանքը: Պատարագի ընթացքում հնչեցին եկեղեցական երգչախմբի լատիներեն, հունգարարեն և հայերեն կատարումներ:
Պատարագից հետո տեղի ունեցան տարբեր մշակութային միջոցառումներ:
Միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին տեղական ԶԼՄ-ներում:
Տրանսիլվանիայում հայերը հաստատվել են 10-14-րդ դարերում: 16-րդ դարի սկզբին Կիլիկիայից Ղրիմ և Մոլդովա գաղթած, ապա այստեղ հանգրվանած հայերը հիմնադրել են Արմենոպոլիսը, որն այդպես է կոչվել մինչև 1920թ.: 2012թ. եղբայրացման և համագործակցության համաձայնագիր է կնքվել Գեռլա և Իջևան քաղաքների միջև:
Գեռլայի Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը աշխարհում ամենախոշոր հայ կաթողիկե տաճարն է, կառուցվել է 18-րդ դարում: Այստեղ է գտնվում ֆլամանդացի հայտնի նկարիչ Ռուբենսի վրձնին վերագրվող «Խաչից իջեցումը» կտավը, որը, ըստ ավանդության, որպես երախտագիտության արտահայտություն, 1806թ. տեղի հայերին է նվիրել Ավստրոհունգարիայի կայսր Ֆրանց 1-ինը: