Իշխանափոխությունից հետո ոստիկանությունը, ԱԱԾ-ն ակտիվ աշխատանքներ են իրականացնում: Ակնհայտ է՝ ապօրինությունների բացահայտման հարցում վճռական են տրամադրված: Պարբերաբար հանրայնացվում է հերթական կոռուպցիայի, չարաշահման, զենք-զինամթերք պահելու, թալանի դեպքը: Երբ թվում է, թե էլ ոչինչ չի մնացել զարմանալու, հանկարծ ականատես ես լինում անհավանական թվացող մեկ այլ երևույթի: Ապօրինություններ կատարած ով ասես հայտնվեց խոշորացույցիի տակ, ու հուսանք՝ դեռ պիտի հայտնվեն. է՛լ Սաշիկ Սարգսյան, է՛լ Սերժի Վաչո, է՛լ Մանվել Գրիգորյան, էլ... 

Հերթը հասավ «Ֆլեշի Բարսեղին»: Պարզվում է՝ Սերժ Սարգսյանի ամենամտերիմ և վերջինիս հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Բարսեղ Բեգլարյանը կասկածվում է ինքնիրավչության մեջ: Նշենք, որ նախորդ օրն էլ, ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ Ոստիկանության բաժին էր բերման ենթարկվել «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենը: Ու թեև տեղեկությունը հայտնել էր դատախազությունը, սակայն ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն ասաց՝ «Աղավաղված բաներ են. ես զանգահարել եմ իրեն, հարցրել եմ՝ հարգելի գործադիր տնօրեն, քեզ բերմա՞ն են ենթարկել, ասել է՝ ո՛չ, պարոն Բեգլարյան»

Փաստացի՝ ստացվում է, որ Բարսեղ Բեգլարյանը չի ստել, պարզապես, օգտվելով դատախազության կողմից թույլ տրված վրիպակից, փորձում էր մոլորեցնել հանրությանը: Այն, որ բերման չի ենթարկվել «Ֆլեշ Մոտորս»-ի տնօրենը, իսկապես այդպես է, բայց Բեգլարյանը լռում էր այն մասին, որ բերման էր ենթարկվել «Ֆլեշ Մոտորս»-ի կոմերցիոն տնօրենը: Իսկ դա փաստ է: Ընկերության սեփականատերը տեսել է տեղեկությունը, անհնար է՝ չհասկանար, թե խոսքն իրականում ինչի մասին է: 

Ամեն դեպքում, թեև Ֆլեշի Բարսեղը, օգտվելով փոքրիկ անճշտությունից, փորձում էր շփոթմունք առաջացնել, բայց հետագա պատասխանատվությունից նրան խուսանավել այդպես էլ չհաջողվեց:

Բանն այն է, որ քրեական գործով կատարված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ֆլեշ Մոտորս» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության մեջ «Ֆլեշ Մոտորս», ինչպես նաև «Ֆլեշ» ընկերությունների հիմնադիրները և ընկերության այլ պաշտոնատար անձինք, ի թիվս այլ անձանց՝ մեղադրել են նաև «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։ Վերջինիս սպառնացել են, բռնության ենթարկել, ինչից դրդված, այլ ելք չունենալով՝ նախկին կոմերցիոն տնօրենն իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլ ամսին գրավադրել է, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել է ընկերությանը:

 

Կոմերցիոն նախկին տնօրենը ճանաչվել է տուժող։ «Ֆլեշ» ընկերության բազայի տնօրենը հարցաքննվել է որպես կասկածյալ և նրա նկատմամբ հունիսի 26-ին որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Իսկ ահա քրեական գործով ձեռք բերված տվյալներով առերևույթ բռնության գործադրմամբ, բռնություն գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելուն «Ֆլեշ » ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ Բարսեղ Բեգլարյանի առնչության վերաբերյալ՝ հունիսի 28-ին նա, որպես կասկածյալ, հրավիրվել է քննչական բաժին և հարցաքննվել։ Վերջինիս նկատմամբ եւս որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Այս առիթով մանրամասներ ստանալու համար ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց գործարար Բարսեղ Բեգլարյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը երեկ՝ հունիսի 28-ին ներկայացել է հարցաքննության, սակայն ոչ միայն չի ընդունել, այլ նաև հերքել է իր նկատմամբ եղած կասկածները: 

 

Սոնա Հարությունյան