Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ հուլիսի 25-ին Արտաշեսյան փողոցում գտնվող ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով տուժածներից 2-ը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից փոխանցեցին. «Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսինը՝ ծանր։ Այրվածքները տուժածների մինչև 90 տոկոս են»։
Ինչ վերաբերում է «Էրեբունի» ԲԿ տեղափոխված հիվանդին՝ նրա վիճակը կայուն է։
«Տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Գիտակցությունն արդեն պարզ է և շնչում է ինքնուրույն։ Ունի արտաքին վնասվածքներ։ Տուժածի վիճակը գնահատվում է կայուն»,-այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը։
Հիշեցնենք, որ այսօր ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով արտադրամասի (70 քմ) պատերը մասամբ փլուզվել են: Տուժածներ Ս. Հ.-ն (1990 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս. Հ.-ն (1972 թ.)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, անուհետև տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, իսկ Է. Հ.-ն (1987 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։ Բոլոր տուժածներն արտադրամասի աշխատակիցներ են:
Պայթյունի պատճառները դեռ պարզ չեն։