Ուկրաինայի հայերի միությունը, որը հաճախ է աչքի ընկնում իր բացառիկ ակտիվությամբ և հայանպաստ ծրագրերով, ևս մեկ անգամ կարևոր նախաձեռնությամբ է հանդես եկել:
Նկատենք, որ Ուկրաինիայի հայ համայնքի ղեկավարը Վիլեն Շատվորյանն է, ում աշխատանքի շնորհիվ հայաշատ երկրում ունենք ընդգծված ակտիվ և կենսունակ հայ համայնք, որտեղ միջոցառումների պակաս չի զգացվում:
Հուլիսի 27-ին «Կիլիկիա» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրում մեկնարկեց Ուկրաինայի հայերի միության երրորդ համաժողովը, որին մասնակցեցին Զակարպատիեի տարածաշրջանային պետական կառավարման ղեկավար Գենադի Մոսկալը, Ուժգորոդի քաղաքապետ Բոգդան Անդրեևը, ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, ՈւՀՄ տարածաշրջանային ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև ուկրաինական ԶԼՄ-ի ներկայացուցիչները։
Համաժողովը մեկնարկեց ՈւՀՄ կրթաթոշակների պարգևատրմամբ։ Այս կիսամյակում ևս առավելագույն առաջադիմությամբ 3 հայ ուսանողների (Անի Հովհաննիսյանին Կիևից, Էդուարդ Մարգարյանին Օդեսայից և Նաիրա Կազեյանին Դնեպրից) Վիլեն Շատվորյանը պարգևատրեց ՈւՀՄ կրթաթոշակով։
«Մենք մշտապես աջակցելու ենք մեր տաղանդավոր երիտասարդներին, անելու ենք ամեն ինչ, որպեսզի նրանք կենտրոնանան բացառապես ուսման վրա և հետագայում կարողանան օգտակար լինել սեփական ժողովրդին»։
Համաժողովի ընթացքում ՈւՀՄ տարածաշրջանային ղեկավարները ամփոփեցին տարվա առաջին կեսին արված աշխատանքները, քննարկեցին առաջիկա նախագծերը։ Հատուկ ուշադրության արժանացավ Ուժգորոդում հայկական եկեղեցու կառուցման հարցը, իսկ Զակարպատիեի տարածաշրջանային պետական կառավարման ղեկավար Գենադի Մոսկալն առաջարկեց նաև հայկական դպրոց հիմնել՝ նշելով, որ տեղի իշխանությունները կցուցաբերեն համագործակցելու լիարժեք պատրաստակամություն։
«Ուկրաինայում և մասնավորապես Զակարպատիեում միմյանց հարևանությամբ ապրում են բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ՝ այստեղ բերելով իրենց մշակութային, հոգևոր, պատմական արժեքները, ինչով միանշանակ հարստացնում են մեր տարածաշրջանը։ Ես բազմաթիվ տաղանդավոր հայերի գիտեմ՝ կոնյակագործներից մինչև շինարար ու քաղաքական գործիչ։ Ուրախ եմ, որ Ուկրաինան դարձել է նրանց 2-րդ հայրենիքը»,- իր ելույթում ասաց Գենադի Մոսկալը։