Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը օգոստոսի 12-ի հանդիպման ժամանակ քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված իրավիճակը՝ այն անվանելով խնդրահարույց: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ՀՀ քննչական մարմինները թույլ են տվել Խաչատուրովին լքել երկիրը, և նա վերադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր պարտականությունների կատարմանը։ Ներկա պահին հայկական կողմը քննարկում է գլխավոր քարտուղարին փոխարինելու հարցը։

Մինչդեռ, ինչպես երևում է, ռուսական կողմը ցանկանում է հասնել, ոչ թե Խաչատուրովի հետ կանչին կամ կամ փոխարինմանը, այլ ՀԱՊԿ–ում Հայաստանի նախագահության կասեցմանը: Վերջին շրջանում Մոսկվայից հնչող հայտարարությունները հենց դրա մասին են վկայում, արտոգործնախարար Լավրովի աղմկահարույց հայտարարությունն էլ մեկ անգամ ևս ապացուցում է, որ Կրեմլը այլևս չի պատրաստվում թաքցնել իր դժգոհությունը Հայաստանի նոր կառավարության վարած քաղաքականությունից:

 

Դժգոհությունը ինչ-որ տեղ նաև հասկանալի է՝ լուրջ հարված է հասցվել ՀԱՊԿ, ասել է թե՝ ՌԴ հեղինակությանը: Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելը համապատասխան մարմինները կարող էին այլ կերպ անել՝ սկզբում հետ կանչել նրան, և դրանից հետո միայն քրեական գործ հարուցել: Սակայն պաշտոնական Երևանը ընտրեց այլ ճանապարհ, արդյունքում, այսօր եթե Հայաստանը որոշի գնալ վա-բանկ և ամեն դեպքում Խաչատուրովին փոխարինող թեկնածություն առաջ քաշի, ապա, ամենայն հավանականությամբ, այդ թեկնածությունը մերժվելու է, այն էլ՝ միաձայն:

Եթե Մոսկվան գնա նման քայլի, իսկ դա ավելի քան հավանական է, կլինի Կրեմլի առաջին լուրջ դիվանագիտական դեմարշը Հայաստանի նոր կառավարության հանդեպ: Հայաստանը այս ամենը գիտակցելով կարող է սադրել Մոսկվային՝ հարաբերություններում առկա լարվածությունները բարդելով Կրեմլի ոչ դաշնակցային կեցվածքի վրա: Իր հերթին Մոսկվան՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության պահպանման դիմաց կարող է որոշակի սակարկությունների գնալ և արդեն Հայաստանը պետք է որոշի՝ պատրա՞ստ է վճարել այդ գինը …

Ստելլա Խաչատրյան