Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը մեղադրել է Միացյալ Նահանգներին Իրանում պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ:
 
Այս մասին Մոհամմադ Զարիֆը  գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Մասնավորապես, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այդ նպատակով Պետքարտուղարությունում հատուկ խումբ է ստեղծել:
 
«65 տարի առաջ ԱՄՆ-ը հեռացրեց ժողովրդի կողմից ընտրված Մոսադիկի կառավարությանը՝ հաստատելով դիկտատուրա եւ հաջորդ 25 տարիներին հպատակեցնելով իրանցիներին: Այժմ նախաձեռնող խումբը ծրագրում է նույնն իրականացնել ճնշման, ապատեղեկատվության եւ դեմագոգիայի միջոցով: Նրան դա չի հաջողվի»,-գրել է Զարիֆը:
 
ԱՄՆ պետքարտուղարությունը օգոստոսի 16-ին հատուկ խումբ էր ստեղծել՝ Իրանի հետ քաղաքականությունը կոորդինացնելու նպատակով:  Խմբի աշխատանքները կղեկավարարի Բրայան Հուկը, որը կհանդիսանա Իրանի հարցով Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչը:
 
ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի խոսքով,  խումբը պատասխանատու է լինելու Միացյալ նահանգների եւ այն երկրների փոխգործակցության համար, որոնք կիսում են ԱՄՆ գնահատականները՝ կապված «իրանական սպառնալիքի» հետ:
 
Հուկը ԶԼՄ-ների հայտնել էր, որ խմբի ստեղծումը 1953թ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների իրականացրած օպերացիայի օրը «մաքուր համընկնում» է: