Անժամկետ հացադուլ հայտարարած ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
«Շահբազյանի հետ պայմանավորվել ենք, որ հացադուլը դադարեցնի, որովհետև այստեղ որևէ մեկը հակառակ բևեռում չի: Մենք կոչված ենք լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք տասնյակ տարիներ չեն ստացել լուծում»,- նշեց Մակունցը:
Ռեժիսորն էլ իր հերթին նշեց, որ նախարարը խոստացել է իր խնդիրների վերաբերյալ գործընթաց սկսել: Մակունցը շեշտեց, որ գործընթացները կիրականացվեն ամենաթափանցիկ և արդար ձևով:
«Ես հանդիպելու եմ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ և նրանից պարզաբանում կստանամ այս խնդրի վերաբերյալ»,- ասաց նա:
Արամ Շահբազյանի խոսքով՝ ինքը Լիլիթ Մակունցի հետ բավականին խորքային և արմատական խոսակցություն է ունեցել:
«Մենք միայն իմ ֆիլմի վերաբերյալ չենք խոսել, այլև կինոարտադրությանն ենք անդրադարձել և դրա խնդիրներին»,- նշեց Շահբազյանը: