ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը իր փաստաբանի՝ Գրիգոր Բեքմեզյանի միջոցով Երևանի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ընդդեմ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի՝  իր պատիվը, արժանապատվությունը և  գործարար համբավը պաշտպանելու համար, քանի որ Ստեփան Գրիգորյանն ակնհայտ սուտ տեղեկատվություներ է տարածել և այդ կերպ վիրավորել է և փորձել է արատավորել Յուրի Խաչատուրովի պատիվն ու արժանապատվությունը: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Յուրի Խաչատուրովի փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը։

«Ստեփան Գրիգորյանի  կատարած արտահայտությունները վարբերում են ոչ միայն Յուրի Խաչատուրովին, այլև ԶՈՒ-ին և հետագայում պատմությունը խեղաթյուրումից փրկելու համար նաև զինված ուժերի պատիվն ու արժանապատվությունը  պաշտպանելու համար, հենց կոնկրետ այդ դեպքի հետ կապված ենք որոշել դիմել դատարան»,-ասաց Բեքմեզյանը։

 

Նա նշեց, որ հայցի մասին հայտնի դառնալուց հետո Ստեփան Գրիգորյանը մինչ այժմ որևէ արձագանք չի տվել։

Նրանք ակնկալում են դատական գործընթացի ընթացքում ապացուցվի, որ Ստեփան Գրիգորյանի կողմից հնչեցված մտքերը չեն համապատասխանում իրականությանը, հակառակ դեպքում, նման սխալ և զրպարտիչ տեղեկությունը կարող է ազդեցություն թողնել պատմության վրա։

«Նա ուղղակի մեղադրանք է հնչեցնում բանակի գեներալների հասցեին, այդ թվում՝ Յուրի Խաչատուրովի՝ մեղադրելով հողեր հանձնելու և դրա դիմաց գումարներ ստանալու, պատերազմի ժամանակ տեղում չգտնվելու մեջ։ Ծանր մեղադրանքներ էին և չէր կարելի լռել»։

Փաստաբանը նշեց, որ հայցադիմումի պատասխանը կլինի մինչև սեպտեմբերի վերջ։

Մենք փորձեցինք նաև կապ հաստատել Ստեփան Գրիգորյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանում։ 

Նշենք, որ Յուրի Խաչատուրովը 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էր։