Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի՝ նոր բացահայտումների մասին հայտարարություններին և ներկայացված մատյանին, նշեց, որ չի տեսել այդ մատյանը։

«Ես չգիտեմ, այդ մատյանը չեմ տեսել։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ այդ քրեական գործով ես պաշտպան եմ, բայց դուք՝ լրագրողներդ, ավելի շուտ եք այդ մատյանը տեսել, քան՝ ես։ Բայց քանի որ տեսել ենք, մեկնաբանենք՝ եթե դա հանցագործություն է, և եթե ԱԱԾ ու ՀՔԾ պետերը արդեն գիտեն՝ ով է արել այդ հանցագործությունը, բա ո՞ւր են առաջադրված մեղադրանքները։ Մյուս կողմից՝ եթե դա դեռ հաստատված չէ, ինչո՞ւ են հրապարակային նման հայտարարություններ անում։ Սա ուղղակի մանիպուլյացիա է»,-ասաց Հայկ Ալույմանը։

Ալումյանը Մարտի 1-ի գործի վերաբերյալ նշեց, որ շատ զգայուն գործ է, մարդիկ շատ ցավով են դրան վերաբերվում, ցանկացած ինֆորմացիայի 10 տարի սպասում են, և այդ ինֆորմացիաները օգտագործելով՝ մարդկանց ուշադրությունն են շեղում։

«Նրանք չունեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, չկան հաստատված ապացույցներ, մեղադրանք առաջադրված չէ, բայց դա ներկայացնում են կայացած փաստ։ Եթե դա իրենք համարում են կայացած փաստ, գոնե թող ասեն՝ ում են մեղադրանք առաջադրում դրա համար»,-հայտարարեց Ալումյանը։

Նշենք, որ խոսքը 2008-ի մարտի 1-ին զինվորներին որպես վարձկան օգտագործելու մասին է։