Վարշավայում տեղի ունեցող ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում սեպտեմբերի 17-ին քննարկվում է Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Համաժողովի ադրբեջանցի մասնակից, իրավապաշտպան Էմին Հուսեյնովը նշել է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների խախտման երկար և դժբախտ պատմություն ունի։ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վիճակն սկսած 2014 թ., երբ մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների նկատմամբ հարուցվեցին տարբեր քրեական գործեր, ավելի է վատթարացել:
«Ադրբեջանում քաղաքացիական հասարակության հետ կապված լուրջ խնդիրները շարունակում են մնալ նաև այսօր: Հասարակական կազմակերպություններից շատերը երկրի ներսում գործունեություն ծավալելիս այսօր էլ շարունակում են անցնել մեծ դժվարությունների միջով: Ադրբեջանի իշխանությունները բազմիցս ցույց են տվել, որ անտեսում են մարդու հիմնարար ազատությունները»,-նշել է իրավապաշտպան Էմին Հուսեյնովը:
Վարշավայում սեպտեմբերի 10-ից մեկնարկած ԵԱՀԿ մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու ժողովրդավարության վերաբերյալ տարեկան համաժողովին մասնակցել է նաև ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը: Մշտապես ալիևյան ռեժիմի քննադատությամբ աչքի ընկնող Հուսեյնովը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներին, խորհրդակցություններ ունեցել հայկական հասարակական կազմակերպությունների հետ:
Հանդիպումներից հետո ադրբեջանցի իրավապաշտպանը հայերի հետ ճաշել է Վարշավայում գտնվող Golden Apricot ռեստորանում, որը հայերի սիրելի վայրն է:
Իրավապաշտպանի հայերի հետ ունեցած ընթրիքը զայրույթ է առաջացրել Ադրբեջանի իշխանական և հասարակական շրջանակներում, ինչն իր արտահայտությունն է գտել մամուլում: