Հայաստանում հերթական լարվածության օջախն է ձևավորվել, որը սպառնում է Ամուլսարից հետո դառնալ երկրորդ անլուծելի թվացող գլուխկոտրուկը Նիկոլ Փաշինյանի համար: Խոսքը Ալավերդու պղնձաձուլական գործարանի հնարավոր փակման ու 500 մարդու գործազուրկ դառնալու մասին է: Գործարանի սեփականատերերը Կառավարությունից պահանջում են թույլ տալ մինչև 6 անգամ գերազանցել արտանետումների՝ դեռևս 2005 թվականին կառավարության որոշմամբ սահմանված նորմերն ու դրա դիմաց տուգանքներ չկիրառել։ Գործարանի ղեկավարները զգուշացրել են, որ երեք օրվա հումքի պաշար ունեն, և կառավարությունից իրենց ձեռնտու պատասխան չստանալու դեպքում վառարանները կանջատեն, այլ խոսքով՝ գործարանը կդադարեցնի աշխատանքը։
500 պոտենցիալ գործազուրկը, իհարկե, կատակ չէ և պարզապես չի կարող չհանգեցնել երկրում սոցիալական լարվածության կտրուկ աճին: Ավելի վաղ` իր գործունեությունը դադարեցրել էր Թեղուտի հանքավայրը, որը ևս մտնում է «Վալլեքս» խմբի մեջ: Ու պետք է նկատենք, որ այդ ընկերությունների գործունեության դադարեցումը կարող է ժամանակավորապես, բայց և ծանր նստել ՀՀ տնտեսության վրա: Ի վերջո, ՀՀԿ իշխանության օրոք ստացվել է այնպես, որ երկրի տնտեսությունը հիմնվել է հենց հանքարդյունաբերության վրա, որտեղ թեթեւ վայրիվերումները լուրջ ազդեցություն են ունեցել ամբողջ երկրի վրա: Այնպես որ, այս առումով չի բացառվում նաեւ բյուջեի մուտքերի որոշակի նվազում:
Փաշինյանն անչափ բարդ խնդրի է բախվել , հաշվի առնելով նաև Լիդիանի աղմուկ հանած պատմությունը, որը, ի դեպ, մինչ օրս չի հանգուցալուծվել: Ի դեպ, եթե կառավարությունը գնա զիջումների և կատարի Ալավերդու գործարանի սեփականատերերի և աշխատակիցների պահանջը, ակնհայտ է , որ Լիդիանը կպահանջի չխոչընդոտել նաև իր աշխատանքներին, և այդ պահանջը բավական հիմնավոր կլինի: Օրերս ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը ուշի-ուշով հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին. մի բան է բնապահպանական խնդիրները, այլ բան՝ կոռուցիոն խնդիրները. «Սակայն ներդրողները չեն հասկանա, եթե կառավարությունն առանց իրավական հիմքերի, միայն մի փոքր խումբ մարդկանց բողոքների, թեկուզ եւ անկեղծ բողոքների հիման վրա որոշի փակել ծրագիրը»,- ասել է նա։ Սա նշանակում է, որ ամերիկյան բիզնեսը չի շտապելու Հայաստան, քանի դեռ ապահովված չեն այդ բիզնեսի անխափան գործունեության համար անհրաժեշտ միջավայրն ու պայմանները:
Չի բացառվում, որ ապագայում խնդիրներ առաջանան ամերիկյան մեկ այլ խոշոր ներդրողի՝ Կոնտուր Գլոբալ ընկերության հետ, որը պատրաստվում է ներդրում կատարել Որոտանի ՀԷԿ-ում: Այս պարագայում կառավարությանն անհրաժեշտ է հսկայական քաղաքական կամք: Մի կողմից բնության պահպանման խնդիրն է, որը, իհարկե, չի կարելի անտեսել, մյուս կողմից՝ մարդկանց աշխատանքի ապահովման խնդիրն է. Հայաստանում գործազրկությունը դեռևս չի նահանջում, իսկ գործազուրկների թվի ավելացումը որևէ կերպ չի մտնում նախընտրական փուլ թևակոխած կառավարության ծրագրերի մեջ:
Ս.Խաչատրյան