Կանադան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցային գործընթացի միջոցով: Այս մասին հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի ու Կանադայի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Կանադան կոչ է անում շարունակել խաղաղ բանակցությունները: Հուսով ենք, որ հարցը խաղաղ կհանգուցալուծվի: Կոչ ենք անում նաև շարունակել միջազգային գործընթացը: Հուսանք, որ խնդիրը կլուծվի ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»,- ասաց Թրյուդոն:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կանադայի վարչապետի հետ զրույցում նրան հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած պայմանավորվածությունների մասին:

«Ես Կանադայի վարչապետին տեղյակ պահեցի Ալիևի հետ մեր ունեցած պայմանավորվածությունների վերաբերյալ: Ղարաբաղի հարցի շուրջ, իհարկե, բանակցությունները տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, բայց կարևոր է, որ մեր գործընկերներն էլ տեղյակ լինեն այդ գործընթացներին: Մենք հակամարտության լուծումը տեսնում ենք միայն բանակցությունների ու խաղաղ կարգավորման ճանապարհով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: