Գեներալ Մանվել Գրիգորյանը որոշել է Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանը:
Տարածքն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ և Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը գնահատվում է 5.84 մլրդ դրամ (ավելի քան 10.5 մլն դոլար)։
Պետական գույքի կառավարման կոմիտեից, սակայն, դժվարացան նշել, թե ինչու է Մանվել Գրիգորյանը նվիրաբերել այդ տարածքը:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։
ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները, որտեղ երևում են զենք-զինամթերք, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաներ, «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք:
Արմինե Միքայելյան