Տեղի ունեցավ Մոսկվայի ԴԻԱԼՈԳ կազմակերպության հիմնադիրների տարեկան ժողովը, որը ամփոփեց կազմակերպության մեկուկես տարվա գործունեության արդյունքները և նախանշեց նոր ծրագրեր:
Այս ընթացքում կազմակերպությունը, իբրև վերկուսակցական համախմբում, հասարակական դիվանագիրության ուղղությամբ իրականացրել է ծրագրեր, որոնք ուղղված են եղել ազգամիջյան և միջպետական հարաբերությունների զարգացմանը, քաղաքացիական խաղաղության և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը: Դրանց թվում են. կլոր սեղանների և շնորհանդեսների կազմակերպումը «Զգո՛ւյշ, պատմական փաստեր են» և «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրերի շրջանակներում, Հայաստանի և Ռուսաստանի պետական գերատեսչությունների, քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունների զարգացումը, ռուսաստանյան տարածաշրջանների հետ համագործակցությունը, խոշոր միջազգային միջմշակութային փառատոններին մասնակցությունը: Այս գործունեությունը թույլ է տվել ընդլայնելու Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև այլ երկրների միջև երկխոսության դաշտը:
ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը անց է կացրել Մոսկվայի առաջին հայկական քաղաքագիտական ֆորումը, ակտիվորեն համագործակցել է ռուսաստանյան առաջատար վերլուծական կենտրոնների հետ, պարբերաբար մասնակցել է միջազգային գիտաժողովների, ինչը թույլ է տվել մշակելու և ներկայացնելու համապատասխան երաշխավորություններ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, տնտեսական զարգացման և հումանիտար համագործակցության վերաբերյալ:
Կազմակերպության համար գործունեության կարևոր փուլ է հանդիսացել Ռուսաստանի նախագահական ընտրարշավին՝ ի պաշտպանություն նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի հանդես գալը: Այդ աշխատանքը գնահատված է ՌԴ նախագահի շնորհակալագրով:
ԴԻԱԼՈԳԸ նպատակ ունի հետագայում նույնպես կազմակերպել քաղաքագիտական համաժողովներ, հասարակական բանավեճեր, մշակութային ձեռնարկներ, հրատարակել և շնորհանդեսների տեսքով ներկայացնել թեմատիկ գրքեր՝ գործող ծրագրերի շրջանակներում, տարբեր մակարդակներում երկխոսություն վարել քաղաքական կուսակցությունների և պետական հաստատությունների հետ:
Իսկ Dialogorg.ru կայքը տեղեկատվական-վերլուծական պորտալի վերափոխելը և բանավեճի նոր հարթակների հիմնումը, որոնց շարքում լինելու է նաև «Լորիս-Մելիքով» ֆորումը, կոչված են ուժեղացնելու տեղեկատվական-վերլուծական աշխատանքները: Այդ գործունեության կարևոր բաղադրիչ է լինելու նաև երիտասարդ հետազոտողների համար ուսուցողական դասընթացների անցկացումը:Նախատեսվում է նոր մակարդակի բարձրացնել փոխգործակցությունը Ռուսաստանի և այլ երկրների վերլուծական հաստատությունների հետ, համատեղ կազմակերպել գիտաժողովներ, հրատարակել վերլուծական նյութեր, իրականացնել տարբեր ինտեգրացիոն ծրագրերի տեղեկատվական-վերլուծական ուղեկցումը:
Քաղաքական, իրավաբանական և տնտեսական բնույթի խորհրդատվության իրականացումը նույնպես կարևոր տեղ է զբաղեցնելու կազմակերպության գործունեության մեջ:
Ժողովը քննարկեց նաև կազմակերպչական հարցեր: ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ է վերընտրվել հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանը: Ներդրվել է կազմակերպության համանախագահների ինստիտուտ. ԴԻԱԼՈԳԻ համանախագահներ են ընտրվել քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Արեգ Գալստյանը և քաղաքագետ, գործարար Գոռ Կարախանյանը:
***
ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյան
Յուրի Նավոյանը ծնվել է 1969 թ.: Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը, Եվրոպայի Խորհրդի քաղաքագիտական դասընթացները (Ստրասբուրգ), վերապատրաստում է անցել Հարվարդի համալսարանի իրավաբանական դպրոցում (Բոստան): Ծառայել է բանակում:
Մինչև 2002 թ.` Մոսկվա տեղափոխվելը, եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարության նորաստեղծ Սփյուռքի բաժնի պետը, իսկ 2002-2016 թթ.` «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության (Մոսկվա) նախագահը: 2017 թ. ապրիլին համախոհ քաղաքագետների հետ հիմնադրել է ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը, որի նախագահն է մինչև օրս:
Միջպետական հարաբերությունների զարգացմանն ուղղված երկարամյա և հասարակական-քաղաքական գործունեության համար պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով, ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալով, ՌԴ ԱԳՆ «Փոխհամագործակցության համար» մեդալով, ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շնորհակալագրով, ՌԴ նախագահի շնորհակալագրով, ՌԴ նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի «Արժանիքների համար» մեդալով, ԱՊՀ երկրների ինստիտուտի «Գիտական հետազոտությունների և հայրենակիցներին աջակցության համար» մեդալով, ՌԴ գրողների միության «Ալեքսանդր Գրիբոյեդով» մեդալով:
Ամուսնացած է, ունի որդի:
ԴԻԱԼՈԳ կազմակերպության համանախագահ Արեգ Գալստյան
Արեգ Գալստյանը ծնվել է 1989 թ.: Ավարտել է Տոմսկի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժինը, Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի համաշխարհային քաղաքականության և ԱՄՆ ներքաղաքական գործընթացների ծրագիրը: Եղել է Միչիգանի համալսարանի երիտասարդ քաղաքագետների ծրագրի կրթաթոշակառու: Պատմական գիտությունների թեկնածու է:
Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի (РСМД) փորձագետ է, Ռոբերտ Դոուլի անվան Քաղաքագիտական հետազոտությունների ինստիտուտին կից «TheGreatAmericanSociety» անդամ (ԱՄՆ):
Forbes,TheNationalInterest, TheAmericanThinker, РБК ամսագրերի մնայուն փորձագետ և սյունակագիր է, TheArmenianInterest գիտա-վերլուծական կենտրոնի հիմնադիր և ղեկավար: Հանդիսանում է ԴԻԱԼՈԳ կազմակերպության համահիմնադիրներից մեկը:
Ամուսնացած է:
ԴԻԱԼՈԳ կազմակերպության համանախագահ Գոռ Կարախանյան
Գոռ կարախանյանը ծնվել է 1986 թ.: Ավարտել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիան և Բուկինգեմի համալսարանը (Մեծ Բրիտանիա), ուր ուսումնասիրել է քաղաքագիտություն և իրավունք:
Տարբեր տարիների իրավաբան է աշխատել «Սոտրուդնիչեստվո» փաստաբանական գրասենյակում և Մոսկվայի «Բարշևսկի և գործընկերներ» փաստաբանական կոլեգիայում: Հանդիսանում է Մոսկվայում ռեստորանների ցանցի հիմնադիր և սեփականատեր:
Հանդիսանում է ԴԻԱԼՈԳ կազմակերպության համահիմնադիրներից մեկը:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: